ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԻՐԱՎԱԿԱՆ
ՇՈՒՏՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Գաղտնիք չէ, որ վերջին մոտ 10 տարվա իրավական խոր հետընթացի արդյունքում դատարաններն՝ ի դեմս <<լճացած>>, անփորձ ու ցածրորակ դատավորների, որոնց առջև դրված չեն որակավորման խիստ չափորոշիչներ, ինչպես արդարադատությունից դուրս այլ ոլորտներում, օրինակ, կրթական, առողջապահական, քաղծառայության և այլն, ուր սահմանված են պարբերական որակավորման քննություններ, դատարանները վեր են ածվել կառույցների, որոնց վրա պարզապես գրված է <<դատարան>>: Բավական է դիտարկել, թե օրինակ, ՀՀ Վճռաբեկ դատարանը քանի՞ դիմում-բողոք է ստացել ու մերժել, օբյեկտիվորեն կարելի է եզրահանգել, որ այն տարիներ շարունակ համառորեն վերահաստատել է իր անգործունակությունը:
Բողոքների զգալի մասը մերժելով անգամ վարույթ ընդունել, դրանով իսկ բազում գործեր առանց քննելու մերժելով, դատարանն ըստ էության հրաժարվել է դատարանական ծառայություն մատուցել ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այդկերպ, ՀՀ Վճռաբեկ դատարանը փաստացի գործել է իր կոչմանը հակառակ՝ առավելապես հանդես գալով՝ որպես ստորին ատյանի օրինախախտումները <<դակող>> ատյան: Արդյունքում՝ բազմաթիվ գործեր հասնում են ՄԻԵԴ: Ու եթե բոլոր անպատասխանատու վճիռ-որոշումները հասնեն ՄԻԵԴ, ՀՀ դատարանների <<բեսպրեդել>> գործելակերպը կհանգեցնի երկրի սնանկացման հեռանկարին:
Ուշագրավ է, որ դատարան ներկայացված հայց-բողոքների զգալի մասը մերժվում է տեխնիկական ձևական պատճառների հիմքով, որով դատարանն ակնհայտորեն ծայրագույն միջոցի է դիմում՝ անելով հնարավորը, որ գործը չհասնի անգամ քննության փուլ: Այս առումով դատական գործերի վիճակագրություն վարելու պարտավորություն ունեցող օղակը խուսափում է հրապարակել, օրինակ, տարեկան արդյունքներ՝ ըստ դատարանների, թե հայց-բողոքների որքա՞ն տոկոսն է բավարարվել, որքանը՝ մերժվել և ի՞նչ բնույթի պատճառներով՝ ձևական տեխնիկական, թե՞՝ բուն բովանդակային: Ու եթե հաշվի առնենք, որ դատական ակտերը հաստատվում են դատավորների անվանական կնիքներով, առավել կարևոր է, որ վիճակագրություն հրապարակվի նաև՝ ըստ դատավորների, կայացված դատական ակտերից քանի՞սն են բողոքարկվել, ի՞նչ օրինախախտումների հիմքով և ի՞նչ ընթացք են ունեցել: Իրավական հետընթացը ցանկացած երկրում հետևանք է անպատժելիության, որի պատասխանատուն արդարադատություն իրականացնելու պարտավորություն ստանձնած դատարանն է՝ ի դեմս վճիռ-որոշումը կնքող դատավորի: Մինչդեռ իրականում իրենց Աստծուն հավասար համարող դատավորները հանդես են գալիս՝ որպես <<սատանայի վկաներ>>՝ Աստծո գործերը խառնող: Ուստի կարիք կա կորոնավիրուսից հետո <<ախտահանել>> դատարանները նման դատավորներից: Օրենսդիրները պետք է նախաձեռնեն դատավորների առջև քննական այն մակարդակի չափանիշներ, որ արդյունքում ունենանք արդարադատությանն արժանավայել կադրեր:
Դատական համակարգում խնդիրները սկսվում են նվազագույն թվացող այնպիսի արտառոց խնդրից, որը չկա ծառայության մատուցման որևէ այլ ոլորտում: Եվ այսպես, դատարանները փաստացի ստանում են դատարանական ծառայության դիմաց պետական տուրքի վճար՝ հրաժարվելով հայց-բողոքների զգալի մասի դեպքում մատուցել ծառայությունը, որը փաստացի պետք է կայանա դատավարությամբ, քննությամբ…:
Առհասարակ հայտնի չէ որևէ ծառայություն՝ վճարում ենթադրող, որը ծառայություն չմատուցելով գանձի գումար: Հայաստանում միակ կառույցն այսպես աշխատող ոչ ավել, ոչ պակաս - դատարանն է՝ իբրև արդարադատության մարմին: ՀՀ-ում դատական պրակտիկայի ուսումնասիրությունը մեզ թույլ տվեց պարզել նաև, որ ՀՀ դատարաններն իրենց պարտավոր չեն համարում հետևել այն իրավանորմերին, որոնք սահմանված են պետտուրքի գանձման կարգում…: Որպես կանոն, բոլոր պետտուրք գանձող կառույցներում, բացի դատարաններից կան ծառայության դիմաց վճարը հաշվարկող պատասխանատուներ՝ հաշվապահություն, ընդունարան, թե մեկ այլ օղակ: Դատարանների դեպքում նախկինում նման չնչին, ձևական տեխնիկական բնույթի թերություններն, այդ թվում՝ պատճենի փոխարեն բնօրինակ պահանջելու, տուրքի պակաս վճարման, շտկվում էին քարտուղարությունում: Հիմա դատարանը հանելուկային գործելաոճ է նախընտրել և բողոք բերողը պիտի գուշակի՝ արդյո՞ք տեխնիկական թերություն ունի՞, թե՞՝ ոչ, որ ի վերջո հասնի բուն իրավական գործի քննությանը: Դատարանն այսպիսի հիմքերով կարող է տեխնիկական թերությունների պատճառով վերադարձնել գրեթե բոլոր դիմում-բողոքները և չլուծված թողնել բազմաթիվ գործեր - արդյունքում արդարադատության մարմինն ըստ էության գործում է՝ որպես զուտ տեխզննման կետ, դատավորներն էլ՝ տեխանձնակազմ, որի համար իրավագիտության դիպլոմն ուղղակի ավելորդություն է:
Ի վերջո, ՀՀ Պետական տուրքի մասին օրենքը ՀՀ Սահմանադրություն չէ, որ նորմերը գործեն անմիջականորեն՝ պարտավորեցնելու քաղաքացիներին, ի տարբերություն այլ պետտուրք գանձող կառույցների, բացառապես դատարանների դեպքում ինքնուրույն, անթերի հաշվել ու վճարել պետտուրքը՝ կրելով նաև գերբարձր վարձատրվող դատարանների պաշտոնատար անձանց պարտավորությունը՝ տուրքը ճիշտ հաշվելու առումով: Մինչդեռ ՀՀ դատարաններն անհիմն սահմանափակում են կիրառում՝ իրենց պարտավոր չհամարելով նախապես ծանուցել պետտուրքի ճիշտ չափի, դրա պակաս լինելու մասին, հակասելով տուրքը ճիշտ հաշվելու և ժամանակին գանձելու՝ պաշտոնատար անձանց առջև պարտավորություն սահմանող՝ ՀՀ պետական տուրքի մասին օրենքի հոդված 34-րդին:
Դատարանի մատչելիության սահմանափակման առերևույթ փաստերից է նաև այն, որ ի տարբերություն պետտուրք գանձող այլ մարմինների, դատարանի պաշտոնական կայքէջում բացակայում է որևէ տեղեկույթ՝ նվազագույն նշումներով, թե ո՞ր բանկերում և ի՞նչ հաշվեհամարի կարող են վճարվել դատարաններ տրվող բողոքների, հայցադիմումների և այլնի համար պետտուրքի վճարումները, մինչդեռ դա բխում է Պետական տուրքի մասին օրենքի հոդված 34-րդով սահմանված պարտավորությունից՝ պետտուրքի գանձման առումով՝ որպես ձեռնարկելիք նվազագույն քայլ՝ պետտուրք վճարելու պարտավորության՝ ռեալ, ճիշտ և երաշխավորված իրականացման համար: Դատարանը ստիպում է հայց-բողոք բերողներին այդ տվյալները հայթայթել ինքնուրույն՝ կրելով ժամանակի կորուստ, ավելորդ ջանքեր, թեպետ քաղաքացու պարտավորությունը չէ: Նշենք, որ այդ տվյալներն առկա չեն անգամ շատ բանկերում, որոնք դեռ վճարողից են պահանջում: Ո՞վ պետք է դատարանի փոխարեն տրամադրի այն գանձապետական հաշիվը, որին արվում է պետտուրքի վճարումը, եթե դատարանից խուսափում են պատասխանել նվազագույն տեխնիկական հարցերի՝ հուսալով, որ դրա արդյունքում բողոք բերողը մի չնչին տեխնիկական թերություն թույլ կտա, որ դա հիմք ընդունեն վերադարձնելու բողոքը…:
Մեզ հայտնի քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանն ի խախտումն ՀՀ Պետական տուրքի մասին օրենքի հոդված 32-րդի պահանջի՝ տուրքի վճարման պարտավորությունը դիտարկել է ոչ թե մինչև ծառայության պահը կատարելիք վճարում, այլ նախքան վարույթ ընդունելը կատարելիք վճարում: Մասնավորապես՝ 1-ին անգամ բողոքը վերադարձրել է՝ դրանում չնշելով պետտուրքի չափը, այլ պահանջելով ներկայացնել կոնկրետ այն վճարման անդորրագրի բնօրինակը, որը հանդիսանում էր մասնակի վճարում, ապա ստանալով այդ բնօրինակը՝ 2-րդ անգամ բողոքը վերադարձրել է՝ նշելով, թե պակաս է վճարված և որ այլևս բողոքը ենթակա չէ քննության: Բողոքաբերը դիմել է վերադաս ատյան՝ ՀՀ Վճռաբեկ՝ բողոքին կցելով տուրքի լիարժեք վճարումը հավաստող անդորրագրի բնօրինակը՝ պահանջով, որ բեկանվի բողոքը վերադարձնելու որոշումը և վարույթ, քննություն կայանա: Վճռաբեկ դատարանը պարտավոր լինելով պատասխանել 1 ամսում, 4-րդ ամսում բողոքաբերին է ուղարկել մոտ 1 էջանոց մի որոշում՝ <<շաբլոն>> տեքստով, որը հավանաբար հաճախ են օգտագործում՝ բողոքներ մերժելիս՝ փոխելով որոշման հասցեատիրոջ անուն-ազգանունը և գործի համարը: Շրջանցելով բողոքում մատնանշված տասնյակ օրինախախտումներ՝ ըստ իրավական հիմքերի ու հիմնավորումների, Վճռաբեկ դատարանը սահմանափակվել է կցկտուր մի բառակույտով, որում նախ՝ նշել է, թե հիմնավորում չկա, ապա հակասելով ինքն իրեն, թե հիմնավորումը բավարար չէ: Թե ի՞նչ հիմնավորում է ակնկալել դատարանը, թողնված է բողոքաբերի գուշակությանը: ՄԻԵԴ-ում բազմիցս երկիրը խայտառակած այսօրինակ դատական ակտերը մեր բյուջեից կորզում են ահռելի գումարներ, մինչդեռ շարունակվում է նույն տգիտությունը և անպատասխանատվությունը:
Նշյալ գործով դատարանը կիրառել է վարույթն արգելող այնպիսի միջոց, որը հակասում է Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները սահմանող Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերություն: Եվ դա անխուսափելիորեն հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի ձևական, անհիմն սահմանափակման և հիմնարար խախտման, ապօրինի կանխարգելելով քաղաքացիական իրավունքների ըստ էության լուծումը՝ դրանով իսկ խաթարելով արդարադատության բուն էությունը…: ՀՀ օրենքներով փաստացի առկա չէ այնպիսի սահմանափակում, ինչին դիմել է դատարանը, սակայն գործնականում սահմանափակել է տուրքի պակաս վճարումը լրացնելու հնարավորությունը, մինչդեռ այն ենթակա էր վճարման մինչ պետտուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայության պահը, որն օրենքից բխող սահմանումով՝ մինչև դրա ավարտման պահն է, այլ կերպ ասած, մինչև բողոքի քննության արդյունքով եզրափակիչ ակտ կայացնելը:
Թերևս համատարած խնդիր է, բայց խիստ անթույլատրելի, հատկապես՝ արդարադատության ոլորտում այն, որ դատական ակտերը պարունակում են հետին ամսաթիվ: Դիցուք, հենց մեզ հայտնի նշյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշումը թվագրված է մարտի 18-ով, բայց նույն շենքի գրասենյակից բողոքաբերին նամակով ուղարկվել է 33 օր անց՝ ապրիլի 20-ին, ակնհայտորեն կրելով հետին ամսաթիվ: Այս առումով, դատական համակարգում ունենք քաղաքացի-դատարան ծայրահեղ անհավասարություն, քանզի քաղաքացու կողմից հայց-բողոք ներկայացնելիս հաշվվում է ամեն վայրկյանը, մինչդեռ դատարանը <<բեսպրեդել>> կարգով հետին ամսաթվեր է դնում: Այս առումով առավել քան հրատապ է էլեկտրոնային թվայնացված դատական որոշումներին անցումը, ինչը կկանխի օրենքի առջև քաղաքացի-դատարան անհավասարությունը, որոշ չափով նաև տևական ձգձգումների ընթացքում <<ստվերային>> միջամտությունները, հրահանգավորված որոշումները…:
Անպատժելիությունը հանգեցնում է անվստահության, Հայաստանում դատարանների դռներ փակելուն, որի պայմաններում հանրությունը դառնում է չեզոք դիտորդ:
Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթի 28.04.2020թ. թիվ 274 համարում:
Հեղինակ՝ Ի. Դանիելյան