ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ ԵՆ,
ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԵՆ ԱՐՑԱԽԸ ՄԱՏՈՒՑԵԼ՝ ԻԲՐԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում առավել ցայտուն դարձան այն խտրական, երկակի չափանիշները, որոնք առկա են օրինական գրանցված տեղական բիզնես սուբյեկտների և օվշորում գրանցված, աշխարհի միլիարդատերերի ցանկում առաջատար սոցցանցերի միջև, որոնք գործում են լիարժեք բարձիթողի, ապօրինի ու անպատիժ. ՀՀ բազմաթիվ ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստանալով վճարներ ինչ-ինչ ծառայությունների դիմաց՝ ոչ էլեկտրոնային հաշիվ են դուրս գրում, ոչ ՀԴՄ են տրամադրում, ոչ էլ որևէ հարկ մուծում մեր բյուջե: Այս թեմայով <<Գործընթաց>> թերթի մարտի 31-ի թիվ 273 համարում հրապարակել էինք էքսկլյուզիվ հոդված, որից որոշ հատվածներ ներկայացնում ենք Ձեզ:
Գիտե՞ք արդյոք, որ <<Ֆեյսբուքը>> զավթել է գովազդային շուկայի մի մասը՝ չունենալով մեր երկրում որևէ իրավական կարգավիճակ: Նրան վճարում կատարողների իրավունքները փաստացի <<օդում>> են: Ի գիտություն նշենք, որ հանդիսանալով սոցցանցային միջոց՝ այն իր տեսակով ԶԼՄ չէ, այլ դասվում է կապի ու հաղորդակցության միջոցների շարքը, որի համար Հայաստանում կա ընդունված օրենսդրություն, որի համաձայն պահանջվում է անցնել գրանցում՝ ըստ սահմանված կարգի: Դրա վերահսկումը վերապահված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ եթե հաշվի առնենք, որ առկա են նաև տնտեսական մրցակցության ակնհայտ խախտումներ՝ ապօրինի և օրինական գործող սուբյեկտների միջև հարցով պարտավոր էր զբաղվել նաև ՏՄՊՊՀ-ն: Հարցն ուղղակի առնչվում է նաև ազգային անվտանգությանը, քանզի գործ ունենք տվյալների փոխանցման և այլ գործառույթներ իրականացնող կապի ու հեռահաղորդակցության միջոցի հետ: Դիցուք, կապի օպերատորները ևս կարող են լինել օտարերկրյա, բայց տվյալ երկրում գրանցված մասնաճյուղ պետք է ունենան: <<Ֆեյսբուքը>> փաստացի միլիարդների է տիրապետում, բայց ափսոսում է Հայաստանում մասնաճյուղ ունենալ՝ փոխարենն առատորեն օգտվում է տեղի գովազդի շուկայից, առանց սահմանված կարգով փաստաթղթավորման, ստանալով զգալի եկամուտներ, որոնք նույնիսկ տեղի օրինական հարկատու ԶԼՄ-ները չեն ստանում, և տարօրինակ է, որ սա չի մտահոգում ՀՀ կառավարությանը, որն առավոտից երեկո պրոպագանդում է այդ օվշորային, չգրացված սուբյեկտին:
Մեր իշխանությունը ոչ միայն մտադիր չէ օրինական դաշտ բերել միլիարդատեր <<Ֆեյսբուքին>>, այլև տեղեկատվական հովանավոր է դարձել նրա և այլ օվշորային ցանցերի համար: Դրա ամենավառ ապացույցն այս արտակարգ դրության պայմաններում կառավարությունում հավատարմագրված օրինական ԶԼՄ-ներին ուղարկվող ասուլիսի հրավերների պաշտոնական հաղորդագրություններն են, որոնցում ՀՀ կառավարությունն օվշորային <<Ֆեյսբուքն>> անվանապես ընդգծում է՝ իբրև լրագրողական հարցերի ստացման միջոց, թեպետ ունի պետբյուջեի ֆինանսներով գործող պաշտոնական կայք և էլփոստի հասցե, ուստի պետք էր բացառել այն կապի ու հաղորդակցության միջոցների հիշատակումը, որոնք օրինական գրանցում չունեն մեր երկրում…:
Որպես կանոն, երկրում ընդունվող իրավակարգավորումները չպետք է գործեն խտրական, այլ վերաբերելի պետք է լինեն դաշտում գործող բոլոր սուբյեկտների համար: Երկակի մոտեցումները կոռուպցիայի, ստվերային շահերի, հանցավոր լռության և այլ քողարկված երևույթների մասին են վկայում, որն ի վնաս է մեր երկրին: Ինչպես կհիշեն շատերը, նախկինում <<Ֆեյսբուք>> էր գովազդում նախկին իշխանությունից Ա. Աշոտյանը, հիմա էլ փաշինյանականների կառավարությունն է նույնը կրկնում: Այս առումով իրավիճակ չի փոխվել: Եվ <<Ֆեյսբուքը>> շարունակում է գործել օրենքից վեր:
Եվ որքան էլ տարօրինակ է, իշխանությունը չհամադրելով ապօրինի և օրինական գործող սուբյեկտների եկամուտները, փոխանակ սոցցանցերը բերի օրինական դաշտ, որոշ ՀԿ-ների հետ համատեղ փորձում է ներմուծել նոր պահանջներ, որ ՀՀ-ում գործող ԶԼՄ-ները ներկայացնեն իրական սեփականատերերին, որով ակամա կասկածի տակ է առնում իր իսկ պետական ռեգիստրի գրանցումները՝ հասնելով անհեթեթության: Այս առնչությամբ <<Գործընթաց>> թերթը կապ էր հաստատել թեմայի քննարկում նախաձեռնած Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանի հետ՝ հարց ուղղելով, թե արդյո°ք ՀՀ գովազդային շուկայից զգալի չափով օգտվող <<Ֆեյսբուքին>> վերաբերելի կլինեն իրական սեփականատերերի բացահայտման դրույթները, նա կտրուկ արձագանքել էր, որ ոչ՝ հավելելով, որ սոցցանցերն առանձին քննարկման թեմա են: Նա մեզնից տեղեկացավ, թե ինչպե՞ս են որոշ բարձրաստիճաններ ապօրինի <<Ֆեյսբուք>> խրախուսելով՝ արհեստական կրճատում տեղական օրինական ԶԼՄ-ներին հասանելիք միջոցները՝ գերատեսչական բյուջեներից դուրս թողնելով տեղեկատվական ծառայությունների տողը, ինչը տարօրինակ է ժողովրդավարական ռեժիմի պայմաններում, հատկապես՝ պետական, հանրային նշանակության կառույցների դեպքում:
Ի վերջո, պետական ռեգիստրի գրանցումները չեն կարող կասկածելի դիտվել 1 կամ մի քանի ոլորտների մասով և վստահելի՝ մյուսների մասով, կասկածների դեպքում էլ, որպես կանոն, ստուգվում է պետական գրանցումն իրականացնող մարմինը կամ սահմանված կարգը, ոչ թե ավելորդ պահանջներ դրվում գրանցվածների առջև:
<<Ֆեյսբուքի>> դեպքում սեփականատերերից միայն Ցուկենբերգն է հայտնի, մյուսներն օվշորային, անհայտ անձինք են, բայց շահույթներ են ստանում Հայաստանից՝ չլինելով հաշվետու: Մինչդեռ ՀՀ-ում գործող օրինական ԶԼՄ-ներն՝ անկախ շրջանառության չափից, հրապարակում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ՝ իրենց սկզբնաղբյուրում:
Այն բիզնես սուբյեկտը, որին այս ողջ ընթացքում ինտենսիվ քարոզել է ՀՀ իշխանությունը - դա օվշորային, օտարերկրյա միլիարդատեր <<Ֆեյսբուքն>> է, որում Արցախն ավտոմատ տեղորոշվում է իբրև Ադրբեջան՝ հակասելով մեր ազգային, պետական շահերին, հետևապես՝ պետք է մերժելի լիներ: Բացառված չէ, որ <<Ֆեյսբուքի>> իրական սեփականատերերի ցանկում լինեն թուրք-ադրբեջանական ծագման գործիչներ կամ նրանցից պատվերներ ստացող և իրենց միլիարդները համալրողներ:
Ամբողջական հոդվածը՝ տե՛ս <<Գործընթաց>> թերթ 31.03.20թ. N273