ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ԿՏՈՆՎԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ
08.04.2020 22:07

   ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ      ՀՈԳԵՎՈՐ   ՄՇԱԿՈՒՅԹ    

ԶԱՏԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

Այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը կտոնվի ապրիլի 12-ին: Զատիկը Հայ Առաքելական Սրբ. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, իսկ անվան ծագումն, ըստ տեղեկության, հետևյալ նշանակությունն ունի՝ զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Սրբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սրբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Սրբ. Պատարագ: Սրբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են <<Քրիստոս Հարյավ ի մեռելոց>> ավետիսով, պատասխանում՝ <<Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի>>: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Սրբ. Գրիգոր Տաթևացու՝ <<Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի>>, և ինչպես իմաստուններն են ասում. <<Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը>>:

Հայաստանում և Արցախում ընդունված է տոնը նշել առատ սեղաններով: Զատկական սեղաններին դրվում են ձկնեղենից, կանաչեղենից պատրաստված ուտեստներ, չամչով, չրեղենով բրնձով փլավ, մատուցում են գինի: Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, գինին՝ Հիսուսի արյունը։ Տոնական սեղանի անբաժան մասն են կազմում խմորեղենները՝ կաթնահունցը, գաթան: