ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈՒ՞ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԵՌՅԱԿԸ ՆՈՒՅՆՆ ԱՆԳԱՄ՝ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես նախագահի ընտրության երկրորդ փուլ, նախանշել է ապրիլի 14-ը, քանզի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն: Ըստ Արցախի Հանրապետության օրենսդրության՝ սա հիմք է ընտրության 2-րդ փուլի, որի արդյունքով կորոշվի հաջորդ նախագահը:
Արցախի ԿԸՀ-ն ապրիլի 7-ին կհրապարակի ամփոփիչ տվյալները: Ներկա պահին պաշտոնական կայքում հրապարակված են արդյունքներն՝ ըստ տարածքների: Նախնական տվյալներով առաջին փուլում 104 հազար 350 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 76 հազար 712-ը: Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,6 %-ը:
Մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական ամփոփիչ տվյալների համաձայն՝ ձայներն ըստ առաջին 5 թեկնածուների բաշխվել են հետեւյալ կերպ.
1․ Արայիկ Հարությունյան –մոտ 47 %
2․ Մասիս Մայիլյան –մոտ 25.3%
3․ Վիտալի Բալասանյան –մոտ 14.1 %
4. Իշխանյան Դավիթ Ռուբենի –մոտ 2.5 %
5. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի –մոտ 2.2 %
Ուշագրավ է, որ ձայների բաշխվածությունն՝ ըստ տարածքային արդյունքների առաջատարների նույն եռյակն է արձանագրել՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել: Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ:
Ներկա պահին հայտնի են, թե ո՞ր ուժերը կանցնեն յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողով: Դրանք քաղաքական 5 ուժեր են: «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք>> կուսակցությունների դաշինքը կստանա 16 մանդատ, «Միասնական հայրենիք>> կուսակցությունը՝ 9 մանդատ, Արցախի «Արդարություն>> և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցությունները՝ 3-ական մանդատներ ու «Արցախի ժողովրդավարական>> կուսակցությունը՝ 2 մանդատ:
Այսպիսով, Արցախում ընտրական գործընթացը շնորհիվ բարձր մասնակցության անակնկալի բերեց այն ուժերին, որոնք դեռ ընտրության օրը քվեարկությունը չավարտված ՝ կանխատեսումներ էին անում՝ հօգուտ մեկ թեկնածուի , ինչը միտում էր հետապնդում առաջին իսկ փուլով ավարտել ընտրությունը: Մինչդեռ արդյունքը ցույց տվեց, որ արցախցիները պահանջում են թեկնածուների 2-րդ փուլով՝ մրցակցություն:
Ինարա Դանիելյան