ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
Ապրիլի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը:
Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
Միջոցառումից կարող են օգտվել բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, որի համար ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով պետք է ներկայացվի էլեկտրոնային դիմում: Ընտանիքը միջոցառման շահառու կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում: Միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:
Միջոցառման շահառու են հանդիսանում նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են կառավարության ընդունած նախորդ սոցիալական ծրագրերից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվել վերոնշյալ որոշումներով հաստատված միջացառման աջակցությունից և դիմել սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը չի բացառել, որ աջակցություն ստացողների ցանկը կարող է հրապարակվել:
Այս միջոցառման վերաբերյալ կառավարության որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ: