ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԿԱՄԱՅԱԿԱՆ, ԱՆՀԵԹԵԹ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Դարձյալ ի վնաս մամուլի և գործարարների
ՀՀ կառավարության պաշտոնական հրապարակմամբ, պարետ Տիգրան Ավինյանի 24.03.2020թ. N 14 որոշմամբ՝ մինչև մարտի 31-ը ժամը 23:59-ը սահմանափակումներ են առաջադրվել տնտեսվարողներին, որոշման մեջ առանց հիմնավորման՝ որպես բացառություն առանձնացնելով գործունեության տեսակների կամայական ցանկ, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց ներկայացնել՝ իբրև ,,կենսական,, կարևորության:
Այդ որոշմամբ օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանում թույլատրվում է գործել առանց սահմանափակման, փոխարենը ՀՀ հարկատու հանդիսացող զանգվածային լրատվության միջոցների մի մասը՝ մամուլը, որի տնտեսական դասակարգիչը՝ չինովնիկների տգիտության, թե՞ դիտավորության արդյունքում դուրս է մնացել բացառությունների ցանկից, պետք է գործի սահմանափակումների ներքո:
Օբյեկտիվորեն հարց է ծագում, մի՞թե ՀՀ կառավարության համար օտարերկրյա կազմակերպությունները կենսական են, իսկ մեր ԶԼՄ-ները ոչ կենսական:
Աշխարհում չլսված անհեթեթություն է, որ կառավարությունը մի կողմից ԶԼՄ-ներին հրավիրի ասուլիսների, մյուս կողմից՝ ԶԼՄ-ների մի մասին՝ մամուլին, արգելի գործել: Եվ սա այն դեպքում, երբ օրերս էին ԱԺ ընդունած օրենքով պատասխանատվություն նախատեսել արտակարգ դրության պայմաններում տվյալների հրապարակման ու տարածման կանոնների խախտման առնչությամբ, որից դարձյալ կեղծիքների հիմնաղբյուր օվշորային սոցցանցերը դուրս մնացին կարգավորումից՝ մնալով լիարժեք արտոնյալ դաշտում: Կառավարությունը չբավարարվելով ՀՀ-ում գործող ԶԼՄ-ների նկատմամբ ԱԺ ընդունած օրենքի սահմանափակմամբ, ԶԼՄ-ների մի մասին, մասնավորապես՝ մամուլին /տպագիր պարբերական/ փաստացի, արգելում է գործել, այսինքն՝ որևէ կարգի /պաշտոնական, թե ոչ պաշտոնական/ տեղեկություն տարածել, ինչը ոչ միայն ակնհայտ խտրականություն է ԶԼՄ-ների միջև, այլև կոպտագույնս հակասում է ՀՀ մի ողջ շարք օրենսդրական նորմերի: Հիշեցնենք, համաձայն ՀՀ քրեական օրենսդրության՝ արգելվում է ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտումը, այդ թվում՝ տեղեկությունների հրապարակման և տարածման առումով:
Պարետի որոշումից բխում է նաև, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է, ինչը հարուցել է շատերի դժգոհությունը, որին ՊԵԿ-ն արձագանքել է՝ խնդրի սխալ ընկալմամբ՝ հորդորելով հարկ վճարողներին փոխել իրենց գործունեության դասակարգչի կոդը, մինչդեռ սխալ էր ոչ թե դասակարգչի կոդն, այլ պարետի որոշմամբ արգելված ու չարգելված գործունեության տեսակների բաշխումն ու տարորոշումը:
Պարետի որոշումից այն տպավորությունն է, որ պարետատան այդ քննարկման մասնակիցները չեն բարեհաճել պատշաճ ծանոթանալ Էկոնոմիկայի նախարարի այն հրամանին, որով տարբերակված են գործունեության դասակարգչի կոդերը և տարորոշել, թե դրանցից որոնք են անհրաժեշտ սահմանափակել արտակարգ դրության պայմաններում, որոնք՝ ոչ:
Ըստ այդմ՝ չպարունակելով որևէ հիմնավորում պարետի որոշման մեջ կամայականորեն և անտրամաբանորեն ազատ գործելակերպ է թույլատրված առավել մեծաքանակ աշխատակազմով գործող արտադրություններին, որոնք կորոնավիրուսի խնդիր ունեցող բոլոր այլ երկրներում արգելված են: Շատ երկրներում սահմանափակվել էին շուկաները, հյուրատները, չվերթները, մինչդեռ Հայաստանում դրանք սահմանափակումների մեջ չեն:
Չվերթները մինչ օրս Հայաստան են բերում վարակի կասկածյալների: Փոխարենը սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների տեղաշարժը; Տանից դուրս եկողները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման:
Որպես կանոն՝ սահմանափակումների դիմելը բխում է անարդյունավետ գործելակարգից, իսկ այս դեպքում նաև կամայական, ոչ ողջամիտ որոշումներից:
Ինարա Դանիելյան