Տեղեկատվավերլուծական
Քանի՞ հոգով են չափում ընդամենը 122 հիվանդի ջերմությունը,
ովքե՞ր և ինչու՞ են շահագրգիռ խուճապի տարածմամբ

Նշենք, որ մեկը մեկուն հերթ չտալով հրապարակվում են ՀՀ տարբեր պաշտոնյաների սոցցանցային խուճապահար ,,լայվերը,,՝ իրավիճակին անհամարժեք տագնապ հարուցող, որոնցից օգտվում են որոշ առևտրի օբյեկտներ, քանզի լայվերի բացահայտ ցուցադրությամբ տագնապի ազդակ է տրվում՝ խթանելով պարենային մեծաքանակ առևտրին: Մյուս կողմից՝ լայվերին ուշի ուշով հետևում են արտերկրից: Եվ ահա փակվեց, Վրաստանի հետ սահմանը, արդյունքում՝ Հայաստանը դարձավ բոլոր կողմերից փակ:
Եվ սա այն դեպքում, երբ ըստ պաշտոնական տվյալների՝ մարտի 19-ի, ժամը 14:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է 7 դեպք: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է ընդամենը 122 դեպք, առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական պաշտոնական վերլուծությամբ՝ 106 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ, որոնցից մեկը կապված է Էջմիածնի դեպքի հետ, մյուսը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող մի ,,արտադրամասի,, հետ, որի անունը պաշտոնական տասնյակ հաղորդագրություններից և ոչ մեկում չի հրապարակվում, գաղտնի է պահվում:
Օրերս առողջապահության նախարար Ա. Թորոսյանն իր տված հարցազրույցներից մեկում փաստեց, որ առկա հիվանդներից ընդամենը մի քանիսի ջերմությունն է բարձր: Ծանր հիվանդներ չկան: Այլ կերպ ասած, ունենք գրիպից ջերմող ընդամենը 122 հիվանդ: Մինչդեռ անցած տարվա աշնանը 1 շաբաթում մոտ 2800 սուր շնչառական վարակով հիվանդացության դեպք էր արձանագրվել Հայաստանում, սակայն արտակարգ դրություն չէր հայտարարվել:
Եվ փոխանակ գումար պահանջվի այն երկրից, որը վարակի օջախ է եղել, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 17.03.2020թ.-ին գանձապետարանում բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին 19.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 121 175 406.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688: Մինչ այժմ չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն, թե արդյոք ծախսվու՞մ է այս գումարը, թե՞՝ ոչ և կոնկրետ ի՞նչ ուղղությամբ է ծախսվում կամ ծախսվելու:
Իր կողմից ԱԳՆ-ն Վերին Լարսի անցակետում ստեղծված դրության վերաբերյալ հայտնել է, որ ,,Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները:…Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ: ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում սթափ գնահատել ներկա իրավիճակը,,:
Ինարա Դանիելյան