ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ներկայիս Ադրբեջանը միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի իրավահաջորդն է. քաղաքագետ
24.11.2026 19:00

     ԻՐԱՎԱԿԱՆ  //  

«ԱԴՐԲԵՋԱՆ» ԱՆՈւՆՈՎ ՊԵՏՈւԹՅՈւՆ ԵՐԲԵՔ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՉԻ ՈւՆԵՑԵԼ․ ՄԱԿ-Ի ԻՐԱՎԱՆԱԽՈՐԴ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱ
Փարիզի խաղաղության վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության նախագահ Ալիմարդան բեկ Թոփչիբաշևը 1920թ. նոյեմբերի 1-ին պաշտոնապես գրավոր դիմել է Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղար Էրիկ Դրամոնդին Ազգերի լիգային Ադրբեջանի անդամակցության խնդրանքով: Հարկ ենք համարում նշել, որ Ազգերի լիգայի իրավահաջորդը ներկայիս ՄԱԿ-ն է։ Ցանկանալով դառնալ Ազգերի լիգայի անդամ՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդել ձեռք բերել միջազգային ճանաչում։ Ի պատասխան Ադրբեջանի դիմումի՝ 106 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ․ նոյեմբերի 24-ին, հրապարակած իր հուշագրում Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարը, մասնավորաբար, գրել է․ «Հարկ է նշել, որ այս տարածքը (Ադրբեջանը – Ս. Հ.-Ջ.), զբաղեցնելով 40.000 քառակուսի մղոն (64.000 քառ. կմ – Ս․ Հ․-Ջ.) մակերես, երբեք պետություն չի եղել, այլ միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան, կամ Պարսկաստանը, իսկ սկսած 1813 թվականից՝ Ռուսաստանի կայսրությունը: «Ադրբեջան» անվանումն էլ, որն ընտրվել է նոր հանրապետության համար, հարևան պարսկական նահանգի անվանում է»։
Մեջբերումից պարզվում է, որ ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարը դեռևս 106 տարի առաջ` 1920 թվականին, պաշտոնապես արձանագրել է, որ «Ադրբեջան» անունով պետություն երբեք գոյություն չի ունեցել, իսկ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Ադրբեջանի անունն էլ հարևան Պարսկաստանի նահանգներից մեկի անվանումն է։ Հարկ է նշել, որ սա այն Ադրբեջանն է, որի իրավահաջորդը հանդիսանում է ներկայիս Ադրբեջանը։ Բանն այն է, որ 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր, որով վերականգնել է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ․ ապրիլի 28-ը գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության անկախությունը։
1991թ․ հոկտեմբերի 18-ին էլ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտը, որի երկրորդ հոդվածով սահմանված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918թ․ մայիսի 28-ից մինչև 1920թ․ ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։ Փաստորեն, ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918-1920թթ․ գոյություն ունեցած, հարևան Իրանի նահանգներից մեկի անվանումը յուրացրած և միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի իրավահաջորդը։ 
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
Հեղինակը հրապարակել է նաև փաստաթղթերի լուսապատճենները։