ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔՊ-ն իր վերահսկողության օղակներով քաղաքական ընդդիմախոսներին պահում է կալանքում՝ առանց դատավճռի
23.11.2026 15:17

       ԻՐԱՎԱԿԱՆ   //    

Հրապարակվել է IODA-ի միջազգային փաստահավաք առաքելության վերջին զեկույցի արդյունքը
Նոր զեկույցը փաստագրում է քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ընտրովի քրեական հետապնդումը՝ կոռուպցիայի դեմ պայքարի քողի ներքո։
(Երևան, 2026 թ. նոյեմբերի 20)․ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՛լ ավելի է ընդլայնել երկրի առաջատար ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումները՝ օգտվելով գործադիր և օրենսդիր իշխանությունների նկատմամբ իր գրեթե լիակատար վերահսկողությունից և չարաշահելով մինչդատական կալանքի ու գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (IODA)։
Այսօր հրապարակված՝ «Օրենքը՝ որպես զենք․ հետընտրական Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների սրումը» անգլերեն զեկույցում IODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքն ընդդիմության դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելու պրակտիկան։ Կազմակերպությունը նաև կոչ է անում միջազգային համապատասխան կառույցներին Հայաստանին ցուցաբերվող շարունակական ֆինանսական և քաղաքական աջակցությունը պայմանավորել իրավունքի գերակայության խիստ չափանիշների պահպանումով։
«Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի քողի ներքո պատժում է իր քաղաքական ընդդիմախոսներին՝ նրանց կալանքի տակ պահելով առանց մեղադրական դատավճռի և զրկելով գույքից՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի նույնիսկ նվազագույն երաշխիքների պահպանման»,– հայտարարել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։ «Իր ընդդիմախոսներին թիրախավորելու՝ կառավարության գործելակերպը ավելի շատ վկայում է քաղաքական գերիշխանություն հաստատելու արշավի, քան կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին»։
Զեկույցի հիմքում 2026 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած IODA-ի փաստահավաք առաքելության արդյունքներն են։ Առաքելության նպատակն էր ուսումնասիրել մարդու իրավունքների վիճակը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի 105 մանդատից ստացել էր 64-ը։ Սա IODA-ի երրորդ առաքելությունն էր Հայաստանում՝ նպատակ ունենալով փաստագրել քաղաքացիական և քաղաքական իրավունքների շարունակական վատթարացումը։
Առաքելության ընթացքում IODA-ն հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ քրեական մեղադրանքների առաջ կանգնած անձանց, քրեական և քաղաքացիական վարույթներում ներգրավված հոգևորականների, փաստաբանների, իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ։ ՀՀ պետական մարմինները մերժել են IODA-ի՝ պատվիրակության հետ հանդիպումներ կազմակերպելու դիմումները։
IODA-ի ուսումնասիրությունը կենտրոնացած էր երկրի երեք հիմնական ընդդիմադիր դաշինքների ղեկավարների, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների և կալանքի կիրառման իրավական ու փաստական հիմքերի վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իշխող կուսակցությունը, փաստացի վերահսկողություն ունենալով դատական և դատախազական համակարգերի նկատմամբ, օգտագործում է այդ վերահսկողությունը՝ ընդդիմադիր գործիչներին և հոգևորականներին միտումնավոր ու ընտրողաբար թիրախավորելու և նրանց դեմ անհիմն մեղադրանքներ առաջադրելու համար։ Կառավարությունը լայնորեն կիրառում է մինչդատական կալանքի և գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը՝ քաղաքական ընդդիմախոսներին կալանքի տակ պահելու, ինչպես նաև նրանց և նրանց ընտանիքի անդամներին գույքից զրկելու նպատակով։ Այս ամենն իրականացվում է առանց մեղավորությունը հաստատող դատական վճռի և առանց դատական պատշաճ վերահսկողության ու իրավական ընթացակարգի բավարար երաշխիքների։
«Փաստագրված ձերբակալությունները, մինչդատական կալանքի մասին որոշումները, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման դեպքերն ու կարգավորող միջամտությունները ոչ թե իրարից անկախ իրավակիրառ գործողություններ են, այլ վկայում են վարչական և դատական համակարգերի համակարգված օգտագործման մասին՝ որպես քաղաքական ճնշման գործիքի»,– նշել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Խոսե Մարիա Արանասը։ «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտահոգված լինի օրենքի ընտրովի կիրառմամբ, դատական անկախության թուլացմամբ և քաղաքական բազմակարծության համար տարածքի շարունակական նեղացմամբ»…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում