ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԸ ՀԻՄՔ Է, ՈՐ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՆ
11.11.2026 22:22

      ԻՐԱՎԱԿԱՆ   //    

ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԱԼՅԱՆԸ ՏԱՐՎԱԾ Է ԱԼԻԵՎԻՆ ՀԱՃՈ ՆԱԽԱԳԻԾ ԳՐԵԼՈՎ, ԶԼՄ-ՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏ «ԽԼԵԼՈՎ»… 
ՀՀ Ազգային Ժողովի հունիսի 7-ի ընտրություններից ի վեր լեգիտիմությունը կորցրած ՔՊ-ին էր միայն ձեռնտու ընդդիմադիր քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահով հակառակորդ ուժերին սպառնալը, որ խուսափեն առաջադրումներից: Միջազգային հանրությունը՝ ԵԽԽՎ զեկույցով վերջերս էր հորդորել Փաշինյանի վարչախմբին՝ զերծ մնալ ընտրովի քաղաքական հետապնդումներից: Բազմաթիվ իրավաբաններ քանիցս հիմնավորել են կիրառված կալանքների ապօրինությունը, անհամաչափությունը:
Մինչդեռ ՔՊ նախընտրական քարոզին մասնակցած ՀՀ Արդարադատության նախարար Ս. Գալյանը, որի գործն է՝ պարբերաբար շրջայցով համակարգել ՔԿՀ-ներում տիրող վիճակը, թույլ տվեց մահվան հերթական փաստն, այս անգամ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մասով, որի դեմ, ըստ փաստաբանների, հոկտեմբերի 23-ից իրականացվել էր քաղաքական հետապնդում, ապօրինի ընտրվել էր կալանք 2 ամսով, սակայն, ամբողջ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում, ինչն ապացուցում է, որ խափանման միջոց կալանքի անհրաժեշտությունն, ընդհանրապես, բացակայում էր: Ըստ փաստաբանների՝ բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, նրա մահվանից հետո:  
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն քանի որ սա հերթական դեպքն է կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան, արդեն իսկ հիմք է, որ գործերը միավորվեն և քննվեն 1 վարույթով՝ քննության առնելով ՔՊ-ի շարժառիթը: Անվիճելի փաստ է, որ ՔՊ-ն ծանր է տանում ԱԺ ընտրությանը մասնակիցների առնվազն 51 տոկոսի քվեից զրկվելը, որի հետևանքով ոչ միայն մտավախություն ունի ՏԻՄ ընտրությանը ձախողվելու, այլև Ադրբեջանի նախագահ Ալիևի հրապարակային հնչեցրած՝ ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու պահանջն առաջ մղելու հետ կապված: Դրա նախագիծն, ըստ ՔԿՀ-ների համակարգման պատասխանատու ԱՆ նախարար Գալյանի՝ կհրապարակեն մինչ նոյեմբերի վերջ: 
Ուշագրավ է, որ դրանից առաջ էլ՝ այս տարվա գարնանը, նախընտրական փուլում Գալյանը, սահմանադրական արգելքի շրջանցմամբ, խիստ տարված էր ՀՀ զանգվածային լրատվամիջոցների օրինական եկամուտ՝ հայտարարությունների մի զգալի մասը՝ կոռուպցիոն շահադրդմամբ, այն է՝ հօգուտ իր կառույցի կողմից վարվող, պետգրանցում, հաշվառում չունեցող, պետությանը հարկ չվճարող կայքի՝ azdarar.am-ի օգտին «խլելով», որն արեց ԱԺ-ում ՔՊ-ի գլխաքանակով: Դրանով Գալյանն էական վնաս պատճառեց ԶԼՄ-ներին, դրանով իսկ հանրային շահերին: Հիմա  կառավարությունը նոր նախագիծ է շրջանառում՝ իբր աջակցելու ԶԼՄ-ներին, մինչդեռ նախ՝  պետք է վերականգներ գարնանն ԱԺ-ում 1 փաթեթով «խլված» ԶԼՄ-ների օրինական եկամուտները: ԶԼՄ-ին վնասելը համազոր է հանրային շահերի դեմ վնասին…
Եվ սա օր օրի հանրության ավելի լայն շրջանակների է բացահայտ  դառնում:  Այսօր հանրային բողոքի ակցիաներ են կայացել, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց՝ ԱՆ նախարար Գալյանի, գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի, նրանց ֆինանսավորող վարչապետ Փաշինյանի նկարներով՝ որպես քաղբանտարկյալների մահվան պատասխանատուների: Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ ԵՄ կառույցներն այլևս չեն կարող լռել, որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, բռնապետական ռեժիմի դրսևորման ակնառու երևույթ է:
«Հայաստան ներխուժած ու հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինվորը պահվում է ԱԱԾ պադվալում աննախադեպ լավ պայմաններում, կողքի խցում նախագահ Քոչարյանն է նստած՝ անմարդկային պայմաններում: Սա է այսօրվա իշխանության իրական դեմքը»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է 2-րդ նախագահի առաջնորդած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը: Անդրադառնալով նախարար Ս. Գալյանի պնդմանը, թե ԱԱԾ ՔՀ-ում, որտեղ պահվում են ընդդիմադիր 3 առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը, նորմալ պայմաններ են, Գրիգորյանը նշել է. «Եթե տիկին Գալյանը կարծում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պայմանները լավն են, թող գնա այնտեղ մի ամիս մնա…Վերջին 5 տարիների ընթացքում ՔԿՀ-ներում մահացել է 87 մարդ, 4 մարդ՝ այս տարի, ցավոք սրտի, սրանք ուղղակի դառնում են վիճակագրություն՝ այս իշխանությունների համար, որոնցից որևէ եզրակացություններ չեն անում…»:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում