ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱԿ ՕՂԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐ Է ԱԾՎԵԼ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՏՈՒ՝ ՀԱՆՈՒՆ ԻՆՔՆԱՎԱՐ ԼՂ-Ի ԶԱՎԹՄԱՆ
01.09.2026 22:42

       ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

Նոր գանգատ ՄԻԵԴ՝ Բաքվում պատանդ հայերի համար, իսկ Փաշինյանի թիմից քաղաքական կալանք՝  Քոչարյանին: Միջազգային իրավունքով անկախ Արցախի 35-ամյակը կնշվի
ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) Ադրբեջանին պարտավորեցրել էր մինչև օգոստոսի 31-ը տրամադրել Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռների պատճենները կամ ամփոփագրերը և առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր: Դրանից 10 օր առաջ՝ օգոստոսի 21-ին, Հայաստանի «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ համագործակցությամբ, հասարակական հիմունքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ըստ պաշտոնական հաղորդման՝ «Գանգատը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալ-մայոր և նախկին ավագ զինվորական հրամանատար Դավիթ Մանուկյանի, գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Մելիքսեթ Փաշայանի վերաբերյալ…Բաքվի ռազմական դատարանում իրականացված «դատավարությունները» կրել են շինծու և կանխորոշված բնույթ՝ զուրկ լինելով անկախ և անաչառ քննության հիմնարար երաշխիքից…Գանգատում բարձրացվում են նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցեր…»:
Բացի այս, ֆրանսահայ համայնքից Մուրադ Փափազյանը տարածել է հաղորդում. «Մենք համագործակցում ենք բազմաթիվ երկրների իշխանությունների հետ։ Երբ ասում եմ «մենք», նկատի ունեմ սփյուռքը՝ կազմակերպված սփյուռքը, որի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի ազատագրումը, վերադարձի իրավունքը և պատանդների ազատ արձակումը շարունակում են մնալ պայքարի ուղղություններ և նպատակներ, որոնց պետք է հասնել…Մեր պատանդների համար CCAF France-ը՝ Փարիզի քաղաքապետարանի հետ համատեղ, այս շաբաթ կազմակերպում է նրանց դեմքերի ցուցադրությունը։ Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, նախատեսվում է նաև հանրահավաք Փարիզի քաղաքապետարանի դիմացի հրապարակում»:
Փոխանակ ջանք գործադրելու հայ պատանդների ազատ արձակման համար՝ Փաշինյանի վարչախումբը քաղաքական կալանք է կիրառել Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դեմ, որը նա բնորոշում է՝ որպես Բաքվի պատվեր, Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում, որ Արցախի բոլոր նախագահները լինեն բանտում։ «Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ…Բաքվի բոլոր պայմանները կատարելու համար»,- նշել է Քոչարյանը կալանավայրից։
Ի հեճուկս արտաքին թշնամիների՝ Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվել է միջոցառումների շարք: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ այդօր՝ ժամը 10:00-ին տեղի կունենա այց Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։ Ժամը 16:00-ին Երևանում ԱՀ ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։ Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ՝ վերահաստատելու համար ինքնության իրավունքը:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում