ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՆՐԱ ՕՐՈՔ ԱԺ-Ն ՍՏԱՑԱՎ «ԺԱՆԳՈՏ ԿՈՂՊԵՔ», ՔՊ-Ն ԿՈՐՑՐԵՑ 10 ՄԱՆԴԱՏ
20.07.2026 20:49

       ՔԱՂԱՔԱԿԱՆ  //     Ամսվա մեջ 2-րդ պարգևատրումից հետո Ալենը հեռացավ՝ թողնելով որոշ «ականջներ»

Շուրջ 5 տարի շարունակ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ալեն Սիմոնյանի օրոք Ազգային Ժողովում արտակարգ ռեժիմին գրեթե համազոր տեղաշարժի սահմանափակումներ մտցվեցին, հատկապես՝ լրատվամիջոցների համար: Աննախադեպ քանակի աղմկահարույց միջադեպերին Ալենի օրոք ընդհուպ ներգրավվել է «այլ զորք»՝ ընդգծելով նրա կախվածությունն ուժայիններից: Կոռուպցիոն և այլ բնույթի ապօրինությունները նախորդ տարեվերջին հասել էին ընդհուպ անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մակարդակի՝ 44-օրյայի զեկույցի քողարկումից մինչև ԶԼՄ-ի հավատարմագրման իրավունքից ապօրինի, խտրական զրկում. իրականում դա թույլտվության հարց չէր, այլ իրավունքի ավտոմատ իրացման հարց:
Երբեմնի սերիալի դերասան Ալենն այնքան հեռու էր օրենսդիր աշխատանքից, որ կարծում էր, թե կարող է թուրքաադրբեջանական քարոզից հետո շրջել քաղաքում՝ չլսելով իր հասցեին «դավաճան» վանկարկումներ: Քաղաքացու վրա թքելուց մինչ պատերազմի հերոսների հարազատների տարրական իրավունքների խոչընդոտում և այլ աղմկահարույց միջադեպեր հուշում էին ԱԺ-ում տիրող իրավիճակն Ալենի օրոք:
Ի նշան «դռնփակ» գործելաոճի՝ դեռ տարեսկզբին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն՝ ԻԱԿ-ը, «շնորհեց» նրան «Ժանգոտ կողպեք»: Մինչդեռ ՔՊ-ն հետևություն չարեց առկա փաստերից և ԱԺ հունիսի 7-ի ընտրությանը կորցրեց 10 մանդատ՝ ստիպված լինելով աչք դնել ԲՀԿ մանդատների վրա: Դեռ 1 տարի առաջ Ալենը պնդել էր, թե ՔՊ-ն կհավաքի 51 տոկոս, նրա կանխատեսումն ամբողջովին տապալվեց:
…Ալենը պարտվեց ՔՊ ներսում ԱԺ նախագահի թեկնածության համար մրցույթում և ամսվա մեջ 2-րդ պարգևատրման կարգադրությունից հետո հեռացավ՝ նախապես պաշտոնից ազատելով իր խորհրդական Աշխենին՝ միաժամանակ թողնելով ԱԺ-ում որոշ «ականջներ»: Գաղտնիք չէ, որ այս ողջ ընթացքում նրա մտերիմ կադրն է եղել «անքաշ» պարգևատրված ԱԺ իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանը, որը մի շարք դեպքերում ցուցադրել է գործին չտիրապետելու փաստեր: Նույն կարգավիճակում է Ալենի երդվյալ մտերիմներից Լաուրա Անտոնյանը՝ օգնականից ԱԺ լրատվականի պետ կարգված, քանիցս ապացուցած, որ չի տիրապետում մեդիապրակտիկայի տարրական կանոններին ու իրավանորմերին: Ալենի գլխավոր կամակատարն էլ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն է, որի մասով անցած տարեվերջին էր բացահայտվել, որ որոշումը գրությունից չի տարբերում, բայց ի պաշտոնե օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավար է…Ըստ որոշ լուրերի, Ալենի մեկ այլ մտերիմ՝ ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն էլ ագահորեն ԱԺ բյուջեի հաշվին ԱԺ-ում առաջ է մղել նաև իր հարազատներին…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում