ԻՐԱՎԱԿԱՆ //
Ի հեճուկս խոչընդոտների՝ գործերը կվերաքննվեն Միջազգային ատյանում: «Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ դատ է». Իշխանյան
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է հայ գերիների պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի, որը Բաքուն ձևախեղված բնորոշմամբ տեռոր է անվանել՝ ընդհուպ ցմահ ազատազրկման դատապարտելով հայ գերիներին: Իրականում Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքի իրացմանն ուղղված՝ ավելի քան 30 տարի միջազգային տարբեր հարթակներում հանդիպումներ են կայացել, փաստաթղթեր ստորագրվել, որոնց մի մասի ներքո առկա է նաև Ադրբեջանի ներկայիս նախագահ Ալիևի ստորագրությունը:
Հիմա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապօրինի գերեվարած Բաքուն շինծու դատերով փորձում է լռեցնել նրանց պայքարը: Վերջին նիստում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ինչպեսև իրենց դեմ մեղադրանքը չեն ընդունում նաև մյուս բոլոր գերիները: Իր ելույթում Վասիլի Բեգլարյանի պաշտպանը «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր պաշտպանյալին։ Բեգլարյանը նույնպես հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ինչպեսև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը: Հաջորդ «նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին:
Բաքվի բանտից ընտանիքի միջոցով հղված ուղերձում Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հայտնում է. «Ամենածանրն այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են այսպիսի մտքեր․ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ի՞նչ կարող են նրանք անել»։ Նա նշել է, որ իր ելույթում հայտարարել է՝ սա քաղաքական պատվերով իրականացվող դատավարություն է, որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, զուտ էթնիկ պատկանելության և ազգային ատելության հիմքով դատավարություն է։ «Նույնիսկ ասացի՝ սա ոչ թե կարված, այլ կարկատած գործ է։ Օրինակ՝ 1993թ․-ի ծնված անձին վերագրում են 1991, 1992, 1993, 1994թթ․ ռազմական գործողությունների համար կասկածանք, կայացվում վճիռ՝ 15 տարվա ազատազրկում։ Ես հայտարարել եմ, որ սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ դատ է՝ հստակ ռազմավարությամբ և հեռահար նպատակներով»,- նշում է Իշխանյանը։ Հավելում է, որ մինչև հիմա պաշտպանները չունեն ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը և ո՛չ էլ դատավճիռը։ Դատավորը բազմաթիվ պահանջներից հետո թույլ է տվել պաշտպաններին էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ դատավճռին, այսինքն՝ չունենալ այն ձեռքի տակ։ Խոսքի վերջում Իշխանյանը Բաքվի բանտից հորդորում է պինդ լինել։
Հայտնի է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով: Նրան ապօրինի Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Նրա իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 15 գերիների դատավճիռներն ապօրինաբար Բաքուն մերժում է տրամադրել: Նշենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքուն շինծու դատապարտել է ցմահ ազատազրկման: Նրանց թվում են՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, իսկ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին շինծու տրվել է 20 տարվա ազատազրկում:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում