ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Շուրջ 60 հազար քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակվել է
22.06.2026 19:03
ԻՐԱՎԱԿԱՆ //
Վերջնական արդյունքների հաշվարկից դուրս են թողնվել հազարավոր ձայներ. ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների ամփոփիչ զեկույցը, որը հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի, ինչպես նաև առաքելության կողմից հավաքագրված ու վերլուծված փաստական տվյալների վրա։ Դիտորդական առաքելության աշխատանքներին մասնակցել են ԿԸՀ կողմից հավատարմագրված 368 դիտորդներ, որոնց թվում՝ 40 երկարաժամկետ և ավելի քան 300 կարճաժամկետ դիտորդներ։ Դիտարկումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ընդգրկելով ընտրական գործընթացի բոլոր փուլերը՝ նախընտրական շրջանից մինչև քվեարկության օրը, ձայների հաշվարկը, արդյունքների ամփոփումը և հետընտրական զարգացումները։ Զեկույցի համաձայն՝ ընտրական գործընթացն ուղեկցվել է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներին առնչվող բազմաթիվ և բազմաբնույթ խախտումներով՝ վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման, պետական և քաղաքական գործունեության սահմանների խախտման, պետական և համայնքային ծառայողների քաղաքական գործընթացներում ներգրավման, կրթական հաստատությունների քաղաքականացման, ընտրողների նկատմամբ ճնշման և ուղղորդման, ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, ինչպես նաև քաղաքական ատելության խոսքի և սպառնալիքների տարածման դեպքերով։ Առաքելության գնահատմամբ՝ արձանագրված խնդիրների զգալի մասը կրել է ոչ թե մեկուսացված, այլ համակարգային և կրկնվող բնույթ։ Զեկույցի ամենակարևոր եզրակացություններից մեկն այն է, որ արձանագրված խախտումների ամբողջությունը կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների, այդ թվում՝ խորհրդարանական մանդատների բաշխման վրա։ Դիտորդական առաքելությունը հատուկ անդրադարձ է կատարում նաև այն հանգամանքին, որ շուրջ 60 հազար քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման սահմանափակման վերաբերյալ խնդիրներ են արձանագրվել, իսկ երեք ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով շուրջ 3400 քաղաքացիների ձայներ դուրս են մնացել վերջնական արդյունքների հաշվարկից։ ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից թիվ 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը բացահայտ անհամաչափ և իրավական առումով չհիմնավորված է։ Այն դեպքում, երբ ԿԸՀ-ն արդեն իսկ արձանագրել է ընտրությունների արդյունքների վրա ազդելու ունակ խախտումների առկայություն և որոշ տեղամասերում անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները, վերաքվեարկության չնշանակումը չի ապահովում ընտրողների կամքի լիարժեք վերականգնումը և լրջորեն վնասում է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությանը։ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը վերահաստատում է, որ ժողովրդավարական ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնումը հնարավոր է միայն արձանագրված բոլոր խախտումների լիարժեք, անկախ և անկողմնակալ իրավական գնահատման պայմաններում։ Այդ նպատակով առաքելությունը կարևոր է համարում ընտրական գործընթացի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված բոլոր դատական և սահմանադրաիրավական վերահսկողական մեխանիզմների կիրառումը։