ԻՐԱՎԱԿԱՆ //
Դիմումատու 7 ուժից «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան»-ը և ԲՀԿ-ն կարևորում են զուգընթաց հանրային աջակցության հավաքները
Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ են մուտքագրվել Սահմանադրական դատարան: Այդ 7 ուժերի թվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Նոր ուժը», ԴՕԿ-ը, «Հանուն հանրապետություն»-ը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնել է, որ հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ընտրախախտումները, վարչական դատարանի ակտերը, պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի թիվ 258-Ա որոշումը կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: «Այս իշխանությունը հանրությանը պատկանող ֆինանսական միջոցներն ընտրակաշառքի տեսքով տվել է ընտրողներին, նաև գործադրել է իր լիազորությունները՝ բռնության ենթարկելով քաղաքացիներին։ Մի՛ մոռացեք, որ այս քարոզարշավի ընթացքում նաև մարդ է մահացել ՔԿՀ-ում։»,- այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով որ Փաշինյանն իր խառնակչության էությանը համապատասխան՝ հընթացս հրահրում է քաղաքացիական բախումներ, եթե ՍԴ-ն կամք ունենա և անվավեր ճանաչի ընտրությունները, ժողովուրդը կկարողանա համախմբվել և կատարել նորմալ ընտրություններ։
«ԲՀԿ-ն ուներ անհրաժեշտ 4 տոկոսը…ՍԴ-ն կա՛մ պետք է անվավեր ճանաչի և ամբողջությամբ վերաքվեարկություն նշանակի, կա՛մ պետք է մանդատների այլ կարգ սահմանի»,- նշել է փաստաբան Արամ Օրբելյանը։ «Միասնության թևեր»-ի պահանջն է՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել կամ վերաքվեարկություն նշանակել: Սահմանադրական դատարանը դիմումները մուտքագրելուց հետո երկօրյա ժամկետում վարույթ ընդունելու դեպքում կնշանակի զեկուցող դատավոր: Այս առումով առնվազն պետք է բացառվի նախընտրական փուլում ՔՊ-ական պատգամավորից ՍԴ դատավոր դարձված Վլադիմիր Վարդանյանը: Հիշեցնենք, ՔՊ-ն, կիրառած վարչական ռեսուրսով հանդերձ, այս ընտրությանը զրկվել է լեգիտիմությունից, չի ստացել անգամ ընտրությանը մասնակիցների 51 տոկոսի քվեն: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։