ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ԿՀԱՂԹԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐՈՎ
Ի հակադրություն Արցախյան շարժման՝ Ալիևի «եղբայր» Փաշինյանն, օգտագործելով ՀՀ վարչապետի պաշտոնը, փորձել է ծավալել քայլերի համախումբ, որը քաղաքագիտական վերլուծմամբ բնորոշելի է ոչ այլ կերպ, քան որպես «Ադրբեջանական շարժում»: Այն ստացել է թուրքաադրբեջանական, օտարերկրյա գործիչների հրապարակային աջակցությունը՝ խլելով հայ ժողովրդից՝ ինչ հնարավոր է, ընդհուպ՝ երազելու իրավունքը: Ինտենսիվ ծավալվել է հայ ժողովրդի հանրահայտ արժեհամակարգին, խորհրդանիշներին, սարերին-լճերին հակադրվող, պատմությունն արմատապես խեղաթյուրող սադրիչ քարոզ՝ ընդհուպ խոչընդոտող Հայ դատի ջանքերին արտերկրում: «Արցախյան շարժումը փակված է» պնդումը Փաշինյանը պաշտոնական լրահոսում շրջանառության է դրել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պետական դավաճանական, հակասահմանադրական քայլից հետո՝ բացահայտ արհամարհելով դրա հետևանքով 2023թ. Արցախի անխոչընդոտ օկուպացիան թշնամու կողմից, բնիկ ժողովրդի էթնիկ զտումը, մարդկային, նյութական և այլ անդառնալի կորուստներ: Փաշինյանը ջնջել է անկախ Հայաստանի բոլոր հաղթանակները: Ավելին՝ գիտակցելով, որ հայ ժողովրդի համար լեգիտիմ են 1994թ. ազատագրական հաղթանակով ուրվագծված հայկական սահմանները՝ նա քարոզարշավն առիթ համարեց՝ տարածելու սադրիչ, անհայտ տարեթվի սովետական Հայաստանի քարտեզ՝ առանց Արծվաշենի:
Քարոզի վայրում Փաշինյանն՝ իբրև թեկնածու իրավունք չուներ հանդես գալ ի պաշտոնե, մինչդեռ, շատ վայրերում հենց տեղում հարց բարձրաձայնող քաղաքացիների հեռախոսային և այլ տվյալներ է ճշտել, ցուցումներ տվել թիմակիցներին՝ նրանց դիմելով՝ ըստ վարչական, քաղաքական պաշտոնի: Նա խնդիր բարձրաձայնող քաղաքացու առջև ընդգծելով պաշտոնեական դիրքն, այն ձևակերպելով իբրև առավելություն, պահանջել է զգաստ կանգնել, իրեն վերաբերվել իբրև վարչապետ՝ դրա հաշվին ձևակերպելով ակնկալիք, հարգանք: Նշենք, որ վարչապետի պաշտոնն էլ իրավունք չէր տալիս Փաշինյանին ցուցում տալ իրավապահներին: Մինչդեռ կոնֆլիկտի վարչապետը՝ թեկնածուի դերում, քարոզի վայրերում աննախադեպ թվով վիճաբանական միջադեպեր է գրանցել ՀՀ քաղաքացիների հետ՝ իրեն անհաճո հարց տվողների հետ, ի թիվս նրանց՝ Արթուր Օսիպյանին քաշել ապօրինի կալանքի: Այդ միջադեպում Փաշինյանի հոխորտանքը, թե «Դուք խի՞ չեք զոհվել, ինչու՞ եք ողջ», ատելության գագաթնակետն է՝ հանդեպ ժողովրդի, որը կրել է իր՝ իբրև գերագույն գլխավոր հրամանատարի, սուպերվարչապետի ձախողման հետևանքները: Որևէ ղեկավար չի ունեցել այսչափ լծակներ, բայցև չի եղել այդքան ձախողակ: Այդ պոռթկումը համահունչ է «Ադրբեջանական շարժման» էությանը: Դա նշանակում է, որ Փաշինյանը ոչ միայն չի զղջում զոհերի ու վիրավորների համար, այլև ակնկալում է պատերազմի դժոխքից փրկված այլախոհների մահը: Սա լիովին հաստատում է «խաղաղության» շուրջ նրա կեղծ թեզը և, որ «Ադրբեջանական շարժումը» չկանխվելու դեպքում, Փաշինյանի վերարտադրման դեպքում լինելու են նորանոր պատերազմներ…Ազգի հարատևությունը, կենսունակությունը նման ղեկավարի օրոք լրջագույն վտանգի ներքո են, գրանցված 3 պատերազմներն ու պարտությունները՝ վկա:
Հետևապես՝ չգնալ ընտրության, նշանակում է՝ լուռ հանցակից լինել երկիրն Ալիևի թեկնածուին հանձնելու դավաճանությանը: Հունիսի 7-ը, թերևս, վերջին շանսն է հաղթելու Ալիևին՝ մերժելով նրան նախընտրելի ՔՊ-ի թիվ 16 քվեաթերթիկը, փոխարենն ընտրելով առաջատար ընդդիմադիր ուժերին՝ «Ուժեղ Հայաստանին» /քվեաթերթիկ N 3/, «Հայաստան» դաշինքին /քվեաթերթիկ N 17/, ԲՀԿ-ին /քվեաթերթիկ N 7/, «Միասնության թևերին» /քվեաթերթիկ N 6/, ԼՀԿ-ին /քվեաթերթիկ N 19/, ՀԱԿ-ին /քվեաթերթիկ N10/, ԺՀԿ-ին /քվեաթերթիկ N14/, ԱԺԲ-ին՝ /քվեաթերթիկ N 8/, միայն թե ոչ ՔՊ-ին, որն ապացուցել է իր ձախողումները:
Հրապարակումն ամբողջական տես՝ «Գործընթաց» թերթի 29.05.2026թ. թիվ 403 համարում