ԸՆՏՐԱԿԱՆ //
«Մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն կառավարի Ալիևի ծառան։ Պատերազմ, կորուստ բերածի ձեռքից անգամ աղավնին չթռավ…»
Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը՝ 13:00-ին Երևանում՝ «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի /քվեաթերթիկ համար 17/ ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ: «Այն մարդը, որը բերել է պատերազմ, կորուստ, իրավունք չունի նույնիսկ խաղաղություն բառն օգտագործել, չպետք է իր բառապաշարով կեղտոտի այդ բառը…Հազարավոր մահերը չեն կարող մոռացվել։ Մենք պարտավոր ենք քաղաքական գնահատական տալ գործող իշխանության ու նրա ղեկավարի գործունեությանը»,-հանրահավաքի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: «Վերջերս տեսաք՝ իր ձեռից նույնիսկ աղավնին չթռավ՝ հասկանալով, որ Փաշինյանը ֆեյքային խաղաղություն է…այս ընտրություններն այն մասին են՝ թե մենք պահպանո՞ւմ ենք մեր ինքնիշխանությունը, թե՞ դառնալու ենք թուրքական աշխարհի կցորդ և կատարելու ենք իրենց կամքը։ Ո՛չ ենք ասում դրան։ Մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն կառավարի Ալիևի ծառան։ Վռնդելու ենք նրանց, ովքեր պայքարում են մեր արժեքային համակարգի դեմ»: «Այսօր հազարավոր մայրեր գրկում են իրենց որդիների սառը շիրիմները, Նիկոլը՝ Էրդողանի գիրքը»,-նկատել է Ագնեսա Խամոյանը: Աննա Գրիգորյանն իր ելույթում նշել է. «Քեզ էթնիկ զտման ենթարկածը, քո տարածքներն օկուպացրածը, գերիներին չվերադարձնողը, խոշտանգողը ո՞նց կարող է համարվել քո անվտանգության երաշխավորը: Եթե շատ ոգևորված են նման անվտանգությամբ, իրենց կուղարկենք Բաքու, թող վայելեն այդ անվտանգությունը»:
Քոչարյանը հարց է ուղղել ներկաներին. «Նիկոլի ստեղծած պրոբլեմը ես ի վիճակի եմ լուծել մեկ օրում…Մենք պատրա՞ստ ենք գազի համար կրկնակի-եռակի անգամ ավել վճարել, զուտ նրա համար, որ Նիկոլը նստի ու նստած մնա այդ աթոռին»,-ի պատասխան հավաքի մասնակիցներն արձագանքել են՝ «Ոչ»։ «Արևմտյան Հայաստանում ունեինք խոշոր գործարարներ, նույնը ունեինք Արցախում, ո՞ւր է հիմա այդ ունեցվածքը: Եթե այս չարիքին չհեռացնենք, ձեր բիզնեսը մնալու է թուրքերին»,-իր ելույթում շեշտել է Իշխան Սաղաթելյանը: