ԿՈՌՈՒՊՑԻԱ // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ՕՂԱԿՆԵՐԸ ՔՊ-Ի ԱՆՁՆԱԿԱՆ «ԹԻԿՆԱԹՈՌՆ» ԵՆ ԴԱՐՁԵԼ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ ԱՐՇԱՎՈՒՄ
Հունիսի 7-ի ԱԺ ընտրության պաշտոնական քարոզարշավն ընթացքի մեջ, պետբյուջեն ծախսվում է նախընտրական հիմնադրամի պես: Ո՞վ է արգելողը, ոչ ոք: Հսկող կառույցներն անձնական «թիկնաթոռ» են դարձվել: Հակադրվողին սպառնում է գործից հեռացում sms-ով կամ գուցե մանկական էմոջիներից որևէ մեկով՝ գրովի-ջնջովի սոցցանցային գործիք հանդիսացող:
Թե որքա՜ն անհավասար են քարոզարշավի մեկնարկային պայմաններն, առերևույթ է այն տեսարաններից, ուր ՊՊ ծառայողների կամ ոստիկանների թիվը գերազանցում է քարոզի հավաքվածների թվին: Փաշինյանն առանց ՊՊԾ-ի չի քայլում, այն դեպքում, երբ այլ թեկնածուներ ապավինում են սեփական ուժերին: ՆԳՆ, ԱԱԾ, ՔԿ, դատախազ, ՊՆ նախարար, Հակակոռուպցիոն կոմիտե, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կարծես, ձևականորեն ստեղծված են՝ ծառայելու բացառապես 1 ավտոբուս չինովնիկների: «Թիկնաթոռ» են դարձել Փաշինյանի և իր ձայնազուրկ, կամակատար խմբակի համար: Վերջիններս Փաշինյանի 1 «սուլոցով» ընտրել են ուժայինների ղեկավարներ, որոնք իրենց պարտավորված են համարում ոչ թե հարկատու ժողովրդի առջև, այլ իրենց գործից հանել սպառնացող ՔՊ-ի առջև: Այսպես, Հայաստանում դատարանների գերքաղաքականացման հետևանքով անգամ նախընտրական շրջանում քաղբանտարկյալները պահվում են կալանքում: Կոռուպցիայի կանխարգելման կոչված օղակները մերժում են բոլոր բողոքները, որոնք չեն բխում ՔՊ շահերից:
Այն, ինչին ականատես է եղել «Գործընթաց» անկախ թերթը վերջին ամիսներին, ստանալով գրավոր ապացույցներ, թույլ է տալիս արձանագրել համակարգային կոռուպցիոն շղթա: Նշենք, որ կոռուպցիայի բացահայտման, անկախ մամուլով հանրային վերահսկողության կանխման նպատակով Փաշինյանի իշխանության կողմից նախաձեռնվել է համակարգային արշավ՝ սկսած ԱԺ-ում անկախ մամուլի թիրախավորված աղբյուրների դեմ ձախողված գրաքննությամբ, հավատարմագրման խոչընդոտման առերևույթ ապօրինի ջանքերով, ընդհուպ մամուլին հասանելիք եկամուտների ապօրինի յուրացմանն ուղղված կոռուպցիոն փաթեթներ:
Որպես կոռուպցիայի և դիրքի չարաշահման ցայտուն դրսևորում՝ արդարադատության նախարարն ուղիղ մրցակից է դարձվել ԶԼՄ-ներին՝ իբրև վճարովի հայտարարություն հրապարակող՝ հարուցելով շահերի առերևույթ բախում: Սա այն դեպքում, երբ «արդարադատությունը» Հայաստանում ամենաբողոքարկված ոլորտն է՝ «ճահճի մեջ սուզվող», ժողովրդին դատարանական ծառայություն մերժող /Վերաքննիչ, Վճռաբեկ ատյաններն ավելի հաճախ մերժում են բողոքները, քան լուծում/: Մինչդեռ նախարար Ս. Գալյանը զբաղված է կուսակցական քարոզով և իր ոլորտից դուրս, իբրև իրենց «դղյակներ», ՔՊ նախընտրական քարոզչահոլովակում ցուցադրում է ՀՀ պետգույք հանդիսացող շենքերը: Միաժամանակ նա խորշում է պետականորեն գրանցել իր կառույցի կողմից որպես վճարովի հայտարարությունների հարթակ վարվող, փաստացի ապօրինի ձեռնարկատիրություն azdarar.am-ը, որի հասույթը քողարկվում է հանրությունից՝ որպես «սև քսակ»:
Փաստացի ՔՊ-ի նախընտրական հոլովակը ներկայացրել է նախարար, որը քանիցս խորշել էր լրագրողներին բացահայտել, թե երբեմնի վարորդ ամուսնուն որտեղի՞ց այն հարյուրավոր միլոնների եկամուտը՝ նշված հայտարարագրում, որը չէր հիմնավորվում օրինական եկամտով: Այս բացահայտումը պետք է աներ Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովը, սակայն ներկայում նրա կազմում որպես ԿԿՀ անդամ է առաջ մղվել հենց Գալյանի քրոջ ամուսինը՝ Փաշինյան ազգանվամբ, որը թույլ չի տա Գալյանի հետ փոխկապակցված անձի դեմ գործի հարուցումը՝ խափանելու պետական շահերի օգտին բացահայտումը:
ԿԿՀ-ն օգտագործվում է՝ իբրև քաղաքական գործիք ՔՊ-ին անհարմար գործիչների դեմ: Այս ընթացքում ԿԿՀ նախագահի պարտականություն կատարող Մարիամ Գալստյանի անձնական եկամուտներն, ըստ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերի համեմատականի, մոտ քառակի աճել են, կարծես, ԿԿՀ է մտել ոչ թե կոռուպցիա կանխելու, այլ բյուջեի հաշվին հարստանալու, վարկեր փակելու, անձնական գույքերի ծավալն ընդլայնելու…
Ուշագրավ է, որ այս հանձնաժողովի կազմում շատ են ՀՀ ԱՆ-ից եկածները, որոնք սինխրոն են աշխատում նախարար Գալյանի հետ, նրա քրոջ ամուսնու հետ, նաև համաձայնեցված Գալյանի «շեֆ» Փաշինյանի հետ՝ ընդդեմ ԶԼՄ-ների արշավում՝ կանխելու հանրային վերահսկողությունը: Չկատարեն Փաշինյանի հրահանգները, շղթայական դուրս կմնան համակարգից: Այսպես խափանվում է կոռուպցիոն բողոքների ելքը, ՔՊ-ի դեմ հակակոռուպցիոն «արգելակները» չեն գործում: Այսպես, կոռուպցիայի կանխարգելման առումով ԿԿ հանձնաժողովը մեծ հաշվով դարձել է ձևական կառույց՝ նախկինում մի քանի անգամ նվազ աշխատավարձի անհիմն բազմապատկմամբ ապահովելով մի քանի հոգու արագ հարստացումը բյուջեի հաշվին: Հարուցված և բավարարված վարույթների քանակը խոսուն փաստ է մեծ հաշվով անգործության, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի էական վատթարացման:
Հրապարակումն առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում