ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Շահումյանի շրջանի ճակատագիրը խորհրդանշում է Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակի հեռանկարը
14.06.2022 12:34

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ    

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ խոսելով 30 տարի առաջ Արցախի Շահումյանի շրջանի հայության տեղահանության ու հայրենազրկման մասին։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

<<30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, հարձակումների և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000 բնակչությունը մատնվեց տեղահանության և հայրենազրկման, ավելի քան 700 անձ սպանվեց և անհայտ կորավ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափվեցին ու ենթարկվեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգևոր-մշակութային արժեքները ենթարկվեցին վանդալիզմի և ոչնչացման։

«Հայերի տները բաժանել էին, եւ ադրբեջանցի «նոր տերերն» իրենց անունները յուղաներկով գրել էին դարպասների վրա: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել ինքնաձիգից արձակված կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ»,- պատմում են ականատեսները: Շահումյանցիների նկատմամբ իրականացված հանցագործությունները նրանց՝ ազատ կամարտահայտման և սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը «պատժելու» գործողություն էր։ Էթնիկ-կրոնական պատկանելիության հիմքով հայրենազրկված շահումյանցիների նկատմամբ արդարության և նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց, նրանց նկատմամբ իրականացված հանցագործությունների համար ադրբեջանական իշխանություններն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին՝ այդ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր հանցագործություններ, որոնց ականատես եղանք 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և շարունակում ենք ականատես լինել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է դրսևորել դատապարտելի անտարբերություն, որը չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից։