ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Տեռորիստական Բաքուն ուժի կիրառմամբ սպառնում է հայաթափել Արցախի Խրամորթ գյուղը. Արցախի ՄԻՊ
26.02.2022 18:20

      ԱՐՑԱԽ  //  ԻՐԱՎԱԿԱՆ    
Սա Ադրբեջանին՝ իր կատարած հանցավոր արարքների համար անպատիժ թողնելու հետևանքն է 

Արցախի Խրամորթ համայնքի բնակիչների հասցեին ադրբեջանական կողմը սպառնալիքներ է հնչեցնում: Փաստերի հավաքագրման նպատակով առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնք։ Պաշտպանը հայտնում է, որ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին ահաբեկելու, գյուղում վախի մթնոլորտ ձևավորելու և գյուղը հայաթափելու հստակ դիտավորությամբ արդեն 3-րդ օրն է համայնքի մերձակայքում տեղակայված և համայնքի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից ադրբեջանական կողմը բարձրախոսների կիրառմամբ ուժի կիրառման սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» է հղում համայնքի խաղաղ բնակիչներին: 

Հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողություններն իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցցանցերում տարածվում են 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալիքներով: Կոչերի բովանդակությունից պարզ երևում է, որ ադրբեջանական կողմն ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում Խրամորթ համայնքի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով զրկելու նրանց սեփական հայրենիքից, խաղաղ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ աշխատանքով բնականոն կյանք վարելու իրավունքից։ Համայնքում բնակվող 300-ից ավելի խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։ Կաթվածահար է գյուղի բնականոն կյանքը, մարդիկ հիմնականում դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը խաղաղ բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է։

Սա Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքների համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է, որի պայմաններում ադրբեջանական կողմը նոր մեթոդներ ու միջոցներ է կիրառում իր հայատյաց ու ահաբեկչական քաղաքականությունն առաջ մղելու համար։ Համայնքի բնակիչների անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովմանը։

Արցախի ՄԻՊ