ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հերթական եռակողմ հայտարարությունը՝ գերիների թեման հետին պլանում
26.11.2021 21:46

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   //  

Պայմանավորվել են դելիմիտացիայի գործընթացը մղել Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

  • Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունն՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերն՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։
  • Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։
  • Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։
  • Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
  • Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»: