ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Պարզաբանում՝ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին
31.08.2021 12:42

    ԻՐԱԶԵԿՈՒՄ    

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք հաստատվել են օգոստոսի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստում, հետադարձ ուժ չունեն: Սա նշանակում է, որ նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև այս նախագծով սահմանվող վերջնաժամկետները։ Այսինքն՝ շահառուները, ովքեր օգտվում են այս արտոնությունից և ստանում են եկամտային հարկի գումարները, շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային hարկի գումարները այնպես, ինչպես ստանում էին մինչ այժմ։ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագծով մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝

  • ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում,
  • բ․ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,
  • գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի  երրորդ գոտում,
  • դ․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ այս սահմանափակումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով։