ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախի Հանրապետության անունից կոչ ՀՀ իշխանությանը՝ վերջին զարգացումների կապակցությամբ
29.10.2025 16:22

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

Եկեղեցու, քաղաքական հետապնդումների շուրջ

Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների, հասարակության բևեռացման և ազգային ինստիտուտների՝ մասնավորապես, իշխանական հռետորաբանության և գործողությունների միջոցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության թուլացման փորձերի կապակցությամբ։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի՝ Աշոտ Դանիելյանի հայտարարության մեջ: «….Օրվա հրամայականն է խուսափել այնպիսի գործողություններից կամ արտահայտություններից, որոնք կարող են խաթարել հասարակական խաղաղությունն ու փոխադարձ հարգանքը։ Միաժամանակ մտահոգություն են առաջացնում ազատությունների սահմանափակման և քաղաքական բնույթի հետապնդումների վերաբերյալ հնչող հրապարակային գնահատականները։ Այս համատեքստում առանձնապես անհանգստացնող է Մասիս համայնքի ղեկավար, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի երեկվա կալանավորումը, ինչպես նաև այն քաղաքացիների նկատմամբ իրականացվող քրեական վարույթները, որոնք հանրային շրջանակներում դիտարկվում են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող։
…Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զերծ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք խաթարում են հասարակության ներսում վստահության վերականգնումը և միտված չեն ազատությունների լիարժեք երաշխավորման և ազգային համախմբմանը։ Միայն համախմբված, իրավական և արժեհամակարգային միասնական հասարակություն ձևավորելով հնարավոր կլինի կերտել ուժեղ, անվտանգ և ժողովրդավարական Հայաստան՝ ի շահ ամբողջ հայ ժողովրդի և մեր պետականության ապագայի, ի շահ Արցախի ժողովրդի հավաքական և անվտանգ վերադարձի»: