ԻՐԱԶԵԿՈՒՄ //
Եթե չարձակվի ապօրինի կալանքից, կկայանա մեծ հանրահավաք Ազատության հրապարակում
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը կկայանա վաղը` հոկտեմբերի 14–ին, ժամը 18։00-ին, Թբիլիսյան 5 հասցեում, հայտնել է «Մեր ձևով» շարժումը՝ կոչ անելով գալ դատարանի մոտ՝ զորակցություն հայտնելու: Շարժման անդամները հայտարարում են, որ եթե Սամվել Կարապետյանն ազատ չարձակվեց, մինչև շաբաթվա վերջ մեծ հանրահավաք են կազմակերպելու Ազատության հրապարակում: Շարժման լրատվական աղբյուրը հիշեցնում է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է՝ ըստ ԵԽԽՎ բանաձևի 5 չափանիշների, համառոտ հիմնավորումները ստորև.
- Անգամ իշխանությունների ամենամոլի կողմնակիցը համաձայն է, որ, եթե Սամվել Կարապետյանը չաջակցեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նա այսօր կալանավորված չէր լինի
- Սամվել Կարապետյանի կալանքը կիրառվել է քաղաքական հիմքով առանց հանցագործության հետ անմիջական կապի։
- Նախկինում որևէ հանցանք չկատարած, 60-ամյա հայ ազգային բարերարի 4-ամսյա կալանքը, և այն երկարաձգելուն ուղղված իրավապահ համակարգի գործողություններն, այն էլ՝ միջին ծանրության հանցանքի դեպքում, հավաստում են կալանքի ակնհայտ ոչ իրավական լինելը,
- Սամվել Կարապետյանը կալանավորվել է խտրական կերպով, համեմատած այլ անձանց հետ։ Գործ ունենք եզակի դեպքի հետ, երբևէ օրենքի հետ խնդիր չունեցած բարերարը կալանավորված է ավելի քան 4 ամիս, և քննչական մարմինը փորձում է երկարացնել կալանքը:
- Կալանքն ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին, դրա հավաստիքն արձանագրված է Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ելույթներում, գրառումներում: