ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԽ հատուկ ակտը՝ Բաքվում հայ գերիների անհապաղ ազատման, Արցախ հայերի վերադարձի շուրջ
13.03.2025 18:06

     ԻՐԱՎԱԿԱՆ //    

Բանաձևի հիմքով Միջազգային քրեական դատարանը կարող է հետաքննել ԼՂ-ի Էթնիկ զտման և բռնի հետապնդումների ալիևյան քայլերը 

Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ հարաբերակցությամբ, Եվրախորհրդարանն այսօր հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում ապօրինաբար պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում պահվող հայերն, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությունը, ռազմագերի են:  Փաստաթուղթն ընդգծում է՝ հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով։

Բանաձևը պահանջում է, որ Եվրամիությունը կոնկրետ պայմաններ առաջադրի Ադրբեջանի առաջ, այդ թվում՝ պահանջի, որ Բաքուն գնա Հայաստանի հետ խաղաղության, ինչպես նաև երաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքներն, այդ թվում՝ Արցախ նրանց վերադարձի իրավունքը։ Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատարին ներկա լինել և հետևել հայերի դատավարություններին։

Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կառավարության՝ ՄԱԿ-ի մարմինների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշումը, որը խստորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և մոնիտորինգի մեխանիզմներին: Կոչ է անում Միջազգային քրեական դատարանին և նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանման, հետապնդումների և էթնիկ զտումների գործերը:  Ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված այլ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Նշենք, որ Բաքվում ապօրինաբար դատվում են Արցախի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը: Նրանց թվում Ռուբեն Վարդանյանը, որ հացադուլի մեջ էր, ծայրաստիճան հյուծված,  ԵԽ բանաձևի ընդունման այս օրը դադարեցրել է հացադուլը: