ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝ ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
16.11.2020 17:41

     ՀՐԱՏԱՊ     

Երկրում փաստացի հաստատվել է բռնապետություն. 17 կուսակցության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները: Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էությամբ կապիտուլյացիոն ակտ, որն արդարացիորեն արժանացավ համայն հայության ընդվզմանն ու ցասումին: 

Հակառակ նրան, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրով վերացվեցին ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ վերը նշված սահմանափակումների հիմքերը, օրվա իշխանությունները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլև ավելին՝ դրանք օգտագործում են որպես քննադատներին լռեցնելու և նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք: Իրավապահ մարմինների կամայական գործողությունների արդյունքում քաղաքական ընդդիմության ղեկավարներ և հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվում են հետապնդումների ու զանգվածային ձերբակալությունների: 

Երկրում փաստացի հաստատվել է բռնապետություն:  Այդուհանդերձ, արդեն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված ձերբակալությունները ոչ իրավաչափ են: Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: Մինչ այդ, իրավապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդվել խաղաղ հավաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին:

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդ

Հայտարարությունը բաց է միանալու համար: