ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԲ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ 2 ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵՏԵՐԸ
29.10.2020 19:43

    ՊԱՇՏՈՆԱԿԱՆ    

Այդ կետերից ավելի քան 1 ամիս պատերազմ է վարվում Արցախի բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ:

Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը․

  •  1-ին ԲԿ շտաբ
  •  Վերանորոգման գումարտակ
  •  Կապի առանձին գումարտակ
  •  Զենիթահրթիռային դիվիզիոն
  •  Տանկային բրիգադ
  •  Հակատանկային դիվիզիոն

Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը․

  •  ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
  •  ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
  •  ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
  •  ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
  •  ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
  •  ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
  •  Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Նշվածն իրավունք է տալիս հայկական կողմին պատասխան հարվածներ հասցնելու՝ հիմք ընդունելով խաղաղ բնակեցված Արցախի քաղաքների ու գյուղերի ավերածություններն ու մարդկային, նյութական կորուստները: 

Նշենք, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ի հավելումն մինչ այդ գրանցված կորուստների՝ նշել է, որ <<Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել են Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ: Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ, ներառյալ՝ մոր և մանկան առողջության կենտրոնում: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ արդեն թիրախավորելով ընդհուպ մոր և մանկան առողջության կենտրոնը: Այս նոր հանցագործությունները հետևանքն են նախորդ հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից առիթավորվում է ադրբեջանական կողմը: Հետևաբար, այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանն, այնպես էլ միջազգային հանրությունը>>:

Այսօր էլ Արցախի ՄԻՊ-ը հավելել է, որ <<Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ: Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել են կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռի պայթյունից: Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը թիրախավորել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որի հետևանքով հումանիտար գործառույթ իրականացնող մարմնի 1 աշխատակից զոհվել է, իսկ 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ>>: