ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽՈՉԸՆԴՈՏ. ՀՀ ՄԻՊ
06.10.2020 17:46

      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ    

ՄԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ 

<<Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը 3000-4000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1500-2000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների: Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպությունները: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում նաև Արցախի աղբյուրներով: Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլև դաժանություններով ու ավերածություններով:

Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորված են նաև խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները և այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են: Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին: 

Ուստի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն: Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով: Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով ՙքաղաքական՚ պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների ,,անզորությամբ,,>>:

Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան