ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը Թուրքիային
06.10.2020 17:17

      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ     

Արտաքին կողմերի մասնակցությունը բռնության էսկալացիային ի չիք է դարձնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ մարդասիրական զինադադար կնքել, որպեսզի հակամարտության գոտուց դուրս բերվեն զոհերի դիերը: Այս մասին ասվում է համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում: «Համանախագահները վճռական կոչ են անում, մարդասիրական նկատառումներից ելնելով, անհապաղ դադարեցնել կրակը, որպեսզի հնարավոր լինի ԵԱՀԿ և ԿԽՄԿ համակարգմամբ՝ ապահովել զոհված զինծառայողների դիերի դուրսբերումը»,-ասված է հայտարարությունում: Բացի դրանից, համանախագահներն ընդգծել են, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության էսկալացիային ի չիք է դարձնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Նրանք հակամարտող կողմերին ևս մեկ անգամ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների վերականգնել առարկայական բանակցությունները:

«Համանախագահները վճռականորեն դատապարտում են ԼՂ հակամարտության գոտում շարունակվող բռնությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարձակումները և մտահոգություն են հայտնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի առնչությամբ: Քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակումները կամ սպառնալիքներն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կոչ են անում կողմերին լիարժեք հետևել իրենց միջազգային պարտավորություններին, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության պաշտպանությանը»,-ասված է հայտարարությունում:

Այս կոչին արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին: