ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ
23.08.2020 18:40

    ԿՐԹՈՒԹՅՈՒՆ        ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։ Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ։ Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով՝ ըստ իրականացվող ուսումնական ծրագրերի։ Առաջարկվող նոր բանաձևում, ի տարբերություն նախորդի, հաշվի է առնվում սովորողների և տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների տարեկան միջին թիվը, որին ավելացվում է նաև ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ բազմապատկված մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թվով։ 

Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ հիմնական ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ֆինանսավորում է նախատեսված դասղեկության և մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարների համար, որը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին։ Նախկինում այդ գումարի վճարումը թողնված էր դպրոցի հայեցողությանը. դասղեկները և մեթոդմիավորման նախագահները վճարվում էին՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության ֆինանսական վիճակը, առանձին դեպքերում ընդհանրապես չէին վճարվում։ Վարչական անձնակազմի դրույքների թիվը սահմանվում է ըստ դասարանների թվի, իսկ ամսական աշխատավարձը հաշվարկվում է ընդհանուր մոտեցմամբ։ Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենի աշխատավարձը հավասարեցված է քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին, փոխտնօրենինը՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին։ Ընդ որում, 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը, 36 և ավելի դասարանների դեպքում տնօրենի աշխատավարձի գործակիցը կդառնա 1,32, իսկ փոխտնօրեններինը՝ 1,21։ 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի և փոխտնօրենի աշխատավարձի նկատմամբ կկիրառվեն համապատասխանաբար 1,42 և 1,3 գործակիցներ։ Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը: Ֆինանսավորման նոր կարգում սահմանվել են նաև հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության, լաբորատորիաների կազմակերպման, մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման, շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի աշխատանքների համար նախատեսվող հաստիքների աշխատավարձերը, որոնք նույնպես այսուհետ դիտվում են քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների որոշակի խմբերին համարժեք։

Հավելենք, որ ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ կմտնի 2021 թ․ հունվարից, միաժամանակ ուժը կորցրած կճանաչվի ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման բանաձևը: