ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ 23-ՐԴ ԵՎ 24-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
18.08.2020 19:43

    ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ   

Աջակցություն՝ զբոսաշրջության, խաղողագործության ոլորտների տնտեսվարողներին 

ՀՀ Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ և քսանչորսերորդ միջոցառումները:

23-րդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը: Ըստ հիմնավորման՝ կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում։ Միջոցառմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թ. մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ, առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ: Շահառու հանդիսանալու ժամանակահատվածն ընդգրկում է 2020 թ. հուլիսից մինչև 2021 թ. մարտ ամիսը ներառյալ։

24-րդ միջոցառման  ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու, խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման պայմանները բարելավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է խաղողի առատ բերք, մինչդեռ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կտրուկ նվազել են գինեգործական արտադրանքի իրացման ծավալները և դրանով պայմանավորված գինեգործական կազմակերպություններում խնդիրներ են առաջացել նախկինում վերցված վարկերի սպասարկման և նոր վարկեր ներգրավելու նպատակով ազատ գրավի ապահովման առումով։ Բացի այդ պատրաստի արտադրանքի իրացման ծավալների կրճատումը հանգեցրել է արտադրանքի պահման տարողությունների սակավության։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի պայմաններում կատարել մի շարք փոփոխություններ: Արդյունքում՝ խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող տնտեսավարողները հնարավորություն կստանան ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, լիզինգով ձեռք բերելու հումքի և արտադրանքի պահման տարողություններ ու կաղնեփայտե տարաներ, կազմակերպելու խաղողի մթերման գործընթացն ու վճարելու խաղողագործներից գնված բերքի արժեքը, որոշ չափով նվազեցնելու արտադրանքի ինքնարժեքն ու ավելացնելու արտադրանքի իրացման ծավալները։ 2020 թ-ին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկերը կտրամադրվեն, մասնավորապես, հետևյալ պայմաններով՝ ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ: