ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
14.06.2020 01:29

    ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ        ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ    

ԱՀ  Շահումյանի շրջանը, Մարտակերտի, Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո

28 տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 12-ին, ադրբեջանական զինված կազմավորումները՝ նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի աջակցությամբ, լայնամասշտաբ գրոհ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ՝ ծանր զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Առաջին հարվածն ուղղվեց Շահումյանի շրջանին։ Բազմակի գերազանցելով կենդանի ուժի և զինտեխնիկայի թվով՝ ադրբեջանական զինված կազմավորումները զավթեցին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը, որից հետո նրանք ձեռնամուխ եղան էթնիկ զտումների իրականացմանը և դաժան հաշվեհարդար տեսան հայ խաղաղ բնակչության նկատմամբ։ Փրկվելու համար մարդիկ ստիպված էին լեռնային արահետներով հասնել Մարտակերտի շրջան՝ ճանապարհին ենթարկվելով ադրբեջանական զինյալների հարձակումներին։ Շահումյանի շրջանի բնակիչների վկայությունների համաձայն՝ խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծման էր ենթարկվում, այդ թվում՝ մարտական ուղղաթիռներից։ Խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումը դիտավորյալ բնույթ էր կրում և միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ որքան հնարավոր է շատ մարդ սպանել։ Անմարդկային կերպով ադրբեջանական կողմը փորձում էր 1992 թ. ձմռանը և գարնանը կրած սեփական ռազմական պարտությունների վրեժը լուծել խաղաղ բնակչությունից։ Ադրբեջանական զինված կազմավորումների կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունների արդյունքում շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր ոչնչացվեցին և թալանվեցին, ավելի քան 20 հազար հայեր դարձան ներքին տեղահանվածներ և փախստականներ, մի քանի հարյուրը կանխամտածված կերպով սպանվեցին կամ անհայտ կորան։ Իրականացնելով պատերազմական հանցագործություններ և ահաբեկելով քաղաքացիական բնակչությանը՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին կոտրել արցախցիների կամքը, ովքեր ձգտում էին պաշտպանել իրենց կյանքի, ինքնորոշման և անկախության իրավունքը։ Սակայն ադրբեջանական կողմի վայրագությունները միայն ամրապնդել են արցախցիների վճռականությունը՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը, իդեալները և իրավունքները: Ադրբեջանական ագրեսիան ետ մղելու և անվտանգ սահմաններ ապահովելու նպատակով Արցախի Պաշտպանության բանակի հետագա գործողությունները պայմանավորված էին հանրապետությունն ու բնակչությունը ֆիզիկական բնաջնջումից պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Առ այսօր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում անօրինական բնակեցման և բնիկ հայ բնակչության ներկայության հետքերի ոչնչացման քաղաքականություն իրականացնել: Արցախի Հանրապետության իշխանությունները հետևողական կերպով հետամուտ են լինելու Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացիայի դադարեցմանը: Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման առանցքային տարրերից մեկն է։