ՓԱՌԱՏՈՆ
Երևանի Գինու Օրեր 2021 հունիսի 4-ին և 5-ին՝ Մոսկովյան, Թումանյան, Սարյան փողոցներում
Երևանի գինու օրերը կանցկացվեն 5-րդ անգամ, կտևեն 2 օր՝ հունիսի 4-ին և 5-ին։ Փառատոնի կազմակերպիչները ներկայացնում են այն որպես 2 կարևորագույն ինդուստրիաների՝ տուրիզմի և գինեգործության շփման հարթակ, որն ունի մեկ նպատակ՝ տնտեսության զարգացում։ Փառատոնին կմասնակցի 3 բարեգործական ընկերություն, որոնց արտադրանքի (Հադրութի գինի և տեղում պատրաստվող ժենգյալով հաց) վաճառքից ստացված եկամուտը կուղղվի պատերազմից տուժած զինվորների և զոհվածների կանանց աջակցությանը։ Փառատոնը կընդլայնի իր մակերեսը և կներառի հատվածներ 3 փողոցներից՝ Մոսկովյան, Թումանյան, Սարյան։
Սնունդն ու գինիները կներկայացվեն 97 տաղավարներում։ Փառատոնին իր արտադրանքը կներկայացնի գինեգործական 41 ընկերություն (նախորդ փառատոնի 25-ի փոխարեն)։ Հյուրերը հնարավորություն կունենան փորձարկելու ընդհանուր առմամբ 281 տեսակ գինի, այդ թվում՝ 113 կարմիր, 91 սպիտակ, 30 վարդագույն, 18 փրփրուն, 38 մրգային: Դրանցից 15-ը կներկայացվեն առաջին անգամ: Բացի գինուց կլինի նաև սնունդ ընդհանուր առմամբ՝ 30 կետ։ Փողոցում կտեղադրվի 2 բեմ, որոնցից մեկը նվիրված կլինի Առնո Բաբաջանյանի 100-ամյակին (ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիան), մյուսից կհնչեն երևանյան երգեր՝ բենդերի կատարմամբ։