ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հանրահավաք Ազատության հրապարակում. Հաջորդը՝ մարտի 13-ին
01.03.2024 17:48

      ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ  //   

«Քիչ ժամանակ ունենք», «Նիկոլը, ժողովրդին այսքան չարիք պատճառած, ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ բանտ տարվի» 

Ինչպես որոշվել էր փետրվարի 20-ին Արցախյան շարժման օրվա հավաքում, փետրվարի 29-ին Ազատության հրապարակում կայացավ «Միասին» շարժման հրավիրած հերթական հանրահավաքը Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նշենք, որ նախորդ անգամ խորհրդարանական ընդդիմադիրներին առաջարկվել էր սկսել Փաշինյանին և կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց: 

Փետրվարի 29-ի հավաքի ժամանակ իր ելույթում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նշեց. «Մենք պետք է հասկանանք, որ քիչ ժամանակ ունենք։ Գոյություն ունի չվերադարձի կետ։ Նիկոլ Փաշինյանը ձեզ, մեզ բերել է չվերադարձի կետ։ Նա մեզ բերում է այնպիսի կետի, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ…»։

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտնեց. «Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեից հափշտակել է 200 միլիոն դրամ և կարծում է, որ լավ է արել…Տեղեկացնեմ բոլորիդ, որ ամսի 21-ին այս ընդհանուր շարժման հոգուն համահունչ, 12 քաղաքական ուժեր, ինձ լիազորեցին, որ ես այս փաստը ներկայացնեմ դատախազին: Դատախազին գրությունը տրված է»: Հայրիկյանը հարց ուղղեց. «Գիտե՞ք ինչու Նիկոլ Փաշինյանի օրոք նախկին ոչ մի ղեկավար չդատվեց, որովհետև նախադեպ կստեղծվեր»: Նա հայտարարեց, որ այսօր հայ ազգի առջև ծառացած խնդիրները բոլորին ստիպում են վեր կանգնել տարաձայնություններից, վերջ տալ ստեղծված իրավիճակին. «Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի։ Սեփական ժողովրդին այսքան չարիք, կորուստ պատճառած մարդն ի՞նչ իրավունքով պետք է հեռանա պաշտոնից»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։

Ըստ «Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանը խլեց մեր զավակին` Արցախը, բայց դա ժամանակավոր է: «Այսօր ով որ իրեն հայ է համարում, պետք է միանա: Այս իշխանության օրոք միայն մի բան զարգացավ` դավաճանությունը…Ոչ ԵՄ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ Իրանը, ոչ ԱՄՆ-ն մեր փոխարեն չեն կռվելու, վկան` 3 տարի առաջ կատարվածը»- ասաց նա: Որոշվեց, որ «Միասին» շարժումն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա մարզերում։ Հաջորդ հանրահավաքը կկայանա մարտի 13-ին` ժամը 18։00-ին։ Մինչ այդ կլինեն այլ ակցիաներ, միջոցառումներ։ 

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում